Ռուբեն Հովսեփյանը՝ Գյումրիի դեպքերի մասին. «Ես չեմ ցանկանում մասնակցել վարկածաշինության անշնորհակալ գործընթացին»
Հարցազրույց արձակագիր, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հետ
– Գյումրիի դեպքը բազում քննարկումների տեղիք տվեց. ի՞նչ ունեք այդ առիթով ասելու, ի՞նչ հետք կամ ձեռագիր եք տեսնում:
– Հասարակությանը հրամցված խնդիրը, որ նաև ինձ է տրվում, սխալ կազմության պատճառով, կարծում եմ, լուծում չունի: Բազմաթիվ անհայտներով հավասարում է: Ո՞վ է այսպես կազմել խնդիրը, այսպես խճճել՝ ես չգիտեմ: Դժվար է նաև ասել՝ միտումնավո՞ր է խճճվել, թե՞ արդյունքն է տգիտության, անկարողության, վախի, ստրկամտության, մեծ ու փոքր ուսադիրների «պատվախնդրության», նախնական կամ ընթացքում ծնված որևէ վարկած հաղթական ավարտի հասցնելու համառության, և այլն, և այլն:
Այս խառնաշփոթում ո՞րն է տեղեկատվություն և ո՞րը՝ ապատեղեկատվություն: Հետաքննության գաղտնիության՝ իբր փակ շրթների արանքից դուրս պրծածը նո՞ւյնպես տեղեկատվություն է, թե՞ ապատեղեկատվություն: Առաջին իսկ պահից արարողակարգային այնպիսի և այնքան խախտումներ են արձանագրվել, որ մինչև վերջին կաթիլը ցնդել է հասարակության վստահությունն իրավապահ մարմինների նկատմամբ: Պաշտոնական հետաքննությանը զուգահեռ ընթացող լրագրողական հետաքննություն չունենք, փոխարենը՝ ունենք անհատ ու ինքնակոչ, նաև՝ ինքնագործ շերլոկհոլմսերի մի վիթխարի բանակ, որ միաժամանակ դեսանտ է իջել մեր գրեթե բոլոր ընտանիքներում, գրասենյակներում, հրապարակներում, փողոցներում, ամենուր:
Այս բանակը լիուլի սնվում է անորոշությունից, խճճված խնդրի լաբիրինթոսում ֆոսֆորի առկայծումներ արձակող դեդեկտիվ վեպերի փտող ոսկորներից և կշտանալով, հագենալով՝ ինքն է արդեն սնում հետաքննությանը: Իմ տպավորությամբ՝ հիմա ոչ միայն հետաքննություն, այլև յուրատեսակ դիտարկում է կատարվում՝ ճշտելու, թե դեպի ո՞ր վարկածն է հակվում հասարակությունը:
Ցանկալի հակվածությունը կխրախուսվի, ոչ ցանկալին՝ կուղղորդվի, և երբ ժամանակ անց հասարակության հակվածությունն ու ուղղորդումը կհամընկնեն կամ մոտ կլինեն մեկմեկու, կարելի կլինի «փռից» հանել «թխված» վճիռը և փռել մնացած բոլոր վարկածների վրա, որքան էլ դրանք ավելի հավանական թվան: Ես չեմ ցանկանում մասնակցել վարկածաշինության այս անշնորհակալ գործընթացին, որովհետև համոզված եմ, թե լուծումը գտնելուց հետո չէ, որ պիտի շարժվենք դեպի խնդրի կազմություն, այլ՝ ճիշտ հակառակը: Եկեք խնդիրը ճիշտ կազմենք:
– Ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի սպանությունն ազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա, որքանո՞վ են վտանգված այդ հարաբերությունները, ինչպե՞ս եք տեսնում այդ հարաբերությունների հետագա ընթացքը՝ այս դեպքի ֆոնին:
– Մեղա, մեղա, բայց նույնիսկ այսպիսի սահմռկեցուցիչ հանցագործությունը չէր կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, եթե այդ հարաբերությունները նախապես ճաքեր չունենային: Փոքր կամ մեծ՝ կարևոր չէ, որովհետև փոքր ճաքերը նույնպես, ինչպես ամեն փոքր բան, մեծանալու, աճելու ունակությամբ են օժտված: Չթվարկեմ այդ ճաքերը, սակայն արժե խոսել մեր հարաբերություններում զարմանալի փոխհամաձայնությամբ բուն դրած այն արատի մասին, որ երկուստեք դարձրել ենք կենսակերպ, կենսափիլիսոփայություն:
Ռուսաստանը մեծ է, դու՝ փոքր, նա հզոր է, դու՝ թույլ, նա համակարգի կենտրոն է, դու՝ ընդամենն արբանյակ: Բարոյազուրկ երկրային օրենքներով ու կարգուկանոնով թերևս ճիշտ է այս ամենը, բայց կան ավելի վերին օրենքներ: Աստվածայինը չէ, տիեզերականը: Արբանյակը, ըստ այդ տիեզերականի, ոչ միայն համակարգի կենտրոնի շուրջ է պտույտներ գործում, այլև իր իսկ առանցքի:
Ահա մեր առանցքի շուրջ պտույտների, մեր սեփական պտույտների մասին է, որ մոռացել ենք թե՛ մենք, և թե՛ նրանք: Աստված մի արասցե, որ այս մոռացությունը մի օր դադարեցնի մեր սեփական պտույտները: Ողջ համակարգն է փլուզվելու: Եվ ո՞վ է փրկելու համակարգը: Մեր մոռացկոտնե՞րը, թե՞ նրանց դուգինները, մարկովները, կիսելյովները, ժիրինովսկիները, այն սքեմավորը, որ, չգիտես ինչու, հենց այս պահին որոշեց հերետիկոս հռչակել հայերին, քանզի մենք ուղղափառ չենք: Սրանք պատահական աննշան մարդիկ չեն, սրանք գրեթե ամեն օր բարբաջում են մոսկովյան կենտրոնական հեռուստաալիքներով և տպավորություն ստեղծում, թե հայ-ռուսական հարաբերության ճաքերն արդյունք են մեր անհնազանդության, մեր անջատողական նկրտումների, մեր երախտամոռության:
Եկեք չթաքցնենք, ինչպես միշտ ենք թաքցրել. այո՛, Գյումրիում տեղի ունեցածն իր ազդեցությունն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա և նոր ճաք ավելացրեց՝ մեծ կամ փոքր, կարևոր չէ: Իսկ ճաքը սվաղելով չի վերանում, ճաքը վերանում է, երբ ապրում և փոխհարաբերվում ես տիեզերական օրենքներով:
– Պարոն Հովսեփյան, մեր երկիրն ուշքի չի գալիս հարվածներից. նորից լարված է իրավիճակը սահմանին: Ձեր կարծիքով՝ ինչի՞ն կարող է առնչվել թշնամու այս աննախադեպ ակտիվացումը:
– Ադրբեջանն առաջնորդվում է մի պարզ հաշվարկով՝ որքան ավելանան լարվածություններն աշխարհի տարբեր անկյուններում, այնքան նվազելու է հետաքրքրությունը հայ-ադրբեջանական բախումների նկատմամբ: Աշխարհը զբաղված է լինելու այլ՝ «ավելի կարևոր» խնդիրներով: Ներսից ու դրսից արդեն հորդորներ են հնչում՝ չուշացնել, օգտագործել հարմար պահը. ԱՄՆ-ը ու Եվրոպան զբաղված են Ռուսաստանին ճնշելով, Ռուսաստանը խրվել է ուկրաինական թնջուկի մեջ, իսլամիստները քրիստոնյաների դեմ նիզակ են ճոճում, քրիստոնյաները հերթական խաչակրացի են պատրաստվում, հեղափոխություններ ու հակահեղափոխություններ են իրագործվում, իշխանություններ տապալվում, քարուքանդ են լինում գյուղեր, քաղաքներ, խեղճուկրակ փախստականների համատարած տեղաշարժ է աշխարհում, համաճարակները խժռում են մարդկանց ու կենդանական աշխարհը, վրեժխնդիր բնությունն էլ իր ավերն է գործում՝ երաշտ, ջրհեղեղ, հրդեհ, սառնամանիք, երկրաշարժ:
Սրանից էլ հարմար պա՞հ: Բայց արի ու տես, որ նա դեռ երկմտում է: Ինչո՞ւ: Որովհետև զարմանալի սրատեսությամբ տեսնում է մեր հասարակության սերտ կապը՝ մեր բանակի հետ: Թվում էր, թե այդպես պիտի չլիներ: Իշխանություններից իրավամբ դժգոհող, ապօրինություններից տնքացող, աղքատությունից խեղճացած, արժանապատվությունը վիրավորված, արտագաղթի ճանապարհը գերադասող մեր հասարակությունը կարծես թե վաղուց պիտի հասած լիներ անձնատվության դռանը: Այնինչ, սահմանին արձակվող ամեն կրակոցից հետո, ամեն զոհից հետո հասարակությունը, ճտերին սպառնացող վտանգ տեսնող հավքի նման՝ ավելի լայն է բացում իր թևերը: Նվիրվածության այս ուժն անկասելի է:
Այսօրվա աշխարհում նման ուժը թերևս փոքր է՝ իրականացնելու համար ազգային մեր տեսլականը, սակայն բավարար է ապահովելու մեր ինքնուրույն պտույտները՝ մեր առանցքի շուրջ: Բաքուն դա տեսնում է: Մենք՝ ոչ միշտ:
– Ինչպե՞ս պետք է հաղթահարվի հասարակության լարվածությունը՝ թե՛ Գյումրիի դեպքից, թե՛ սահմանային լարվածությունից հետո. ժողովրդի «աչքը ջուր է կտրում»՝ իշխանություններից հուսադրող, հանգստացնող կամ իրավիճակը բացատրող որևէ խոսք սպասելիս: Ինչո՞ւ են լռում իշխանությունները:
– Ինձ պատմել են, որ Արցախյան պատերազմի օրերին, հատկապես՝ գիշերային, համեմատաբար խաղաղ ժամերին թե՛ մերոնք և թե՛ ազերիները հաճախ ռադիոկապերով խոսել են մեկմեկու հետ: Հայհոյել են մեկմեկու, անեկդոտներ են պատմել, սպառնացել են, ծաղրել են: Մի անգամ ազերիների կողմից հայհոյանք է հնչել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Եվ մեր կողմից հնչել է պատասխանը՝ մենք էլ, մենք էլ:
Ազերիները մինչև հիմա էլ երևի զարմացած են: Հասարակության նվիրվածության այն ուժը, որի մասին ասացի, դեռ այսօր էլ գործում է մեր իշխանությունների գլխի վրայով՝ շրջանցելով իշխանություններին: Ցավոք, մեր իշխանությունները մեկուսացել են ժողովրդից և ապրում են մեկուսի, առանձնաբար: Ոչ միայն ժողովրդից են մեկուսացել, այլև՝ մեկմեկուց: Երբեմն ապշում ես՝ տեսնելով, թե որքան անտեղյակ են իրարից կառավարման աջ ու ձախ ձեռքերը:
Որևէ երկրի ղեկավար իր ժողովրդից ստացած լիազորությամբ է կատարում այս կամ այն վճռորոշ քայլը, արտասանում այս կամ այն բախտորոշ խոսքը: Ժողովրդի լիազորությունը, սակայն, ամենաթողության արտոնագիր չէ: Հետո՞ ինչ, որ աշխարհի շատ երկրների առաջնորդներ այսօր տղայական վերաբերմունք ունեն այդ լիազորությունների նկատմամբ, ինչ անցնում է մտքներով՝ ասում են: Ո՞վ էր, ասենք, լիազորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ այս տարվա ապրիլի 24-ին Հայաստան հրավիրել Էրդողանին, չգիտեր, որ չէր գալու: Չգիտեր, որ նա էլ իր հերթին՝ իր տղայությունն էր անելու: Հիմա հպարտանում ենք Սերժ Սարգսյանի կայծակնային պատասխանով, բայց չենք հիշում նրա անհեթեթ հրավերը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով բավականին ուշացումով Գյումրի մեկնեց ՀՀ դատախազը՝ հանգստացնելու ժողովրդին: Հանգստացրե՞ց: Օրենքների, պայմանագրերի, համաձայնագրերի հակասական կետերի փունջն իբր մատչելի լեզվով ներկայացնելով՝ ավելի զայրացրեց ունկնդիրներին՝ համոզմունք առաջացնելով բոլորի մեջ, որ ինչ-որ բան այնպես չէ:
Մինչև օրս դեռ որևէ մեկը հոդաբաշխորեն չի կարողացել բացատրել, թե ինչո՞ւ պիտի Հայաստանում կատարված հանցագործությունը չհետաքննվի ու չպատժվի հայկական իրավապահների կողմից: Միացյալ հանձնաժողովը ո՞րն է: Մենք միացյա՞լ պետություն ենք: Եթե միացյալ ենք, ապա ինչո՞ւ ենք զենք վաճառում մեր ընդհանուր թշնամուն: Ահա այս և նմանատիպ շատ հարցերի պատասխաններ պիտի տան իշխանությունները, որպեսզի լարվածությունը երկրում թուլանա, և առավել անկաշկանդ գործի ազերիներին անհանգստացնող մեր նվիրվածության ուժը: Ցանկալի է՝ առանց շրջանցելու առավելապես մեր առանցքի շուրջ պտույտների մասին մտահոգվող իշխանություններին:
– Հասարակության մի մասի ուշադրությունն այսօր սևեռված է Վարդան Պետրոսյանի դատավարությանը: Դուք Ձեր կարծիքն եք հայտնել այս դատավարության հետ կապված՝ մահացածների ծնողներին կոչ անելով՝ ներել նրան: Այսօր կրկի՞ն այդ կարծիքին եք:
– Այո, ես այսօր ոչ մի բառ չունեմ ավելացնելու նրան, ինչ ասել եմ մեկ տարի առաջ՝ որդիներ կորցրած ծնողների մեծ, անդառնալի ողբերգության դիմաց անհնար է որևէ բառ արտասանել, անհնար է նրանց մխիթարել, առավելևս՝ անհնար է պաշտպանական որևէ խոսք ասել Վարդան Պետրոսյանի հասցեին՝ զգուշանալով, որ այդկերպ կխոցոտվեն առանց այն էլ որդեկորույս մայրերի խոցոտված սրտերը: Բայց, հարգելի ծնողներ, մի պահ, մի պահ, խնդրում եմ, զսպեք Ձեր ցավը և սթափ հայացքով նայեք իրողությանը. Ձեր դիմաց հանցագործ չէ կանգնած. թերևս մեղավոր է նա, բայց մեղսագործ չէ:
Նրա իրավիճակում, ակամա, կարող ենք հայտնվել մենք բոլորս, բայց ոչ բոլորը մեզանից կարող են ինքնադատապարտման այն աստիճանին հասնել, ինչին հասել է Վարդան Պետրոսյանը: Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել կամ կարդալ նրա խոսքը դատարանում. այս խոսքը բեմից հմուտ արտասանված մենախոսություն չէ, սա նույնիսկ Ձեզ ուղղված խնդրանք չէ, սա իր պատառոտված ներսի ճիչն է, իր մեծ ցավի ճիչը… Ձեր առջև ակամա զոհ է կանգնած: Ոչ մի դատավճիռ այլևս ավելի խիստ չի կարող լինել, քան իր իսկ կայացրածը: Բավարարվեք այսքանով: Ներումը ամենամեծ շնորհն է, որ տվել է մեզ քրիստոնեական մեր դաստիարակությունը: Նույնիսկ հանցագործներին ենք հաճախ ներում, իսկ Վարդան Պետրոսյանը հանցագործ չէ: Փորձեք ներել նրան՝ առանց սպասելու դատարանի վճռին: Միևնույն է՝ դատարանի ոչ մի վճիռ Ձեզ չի գոհացնելու: Ներումը, համոզված եմ, կգոհացնի: