Պետք է ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը դնել դարակում և սկսել աշխատել նաև Արևմուտքի հետ. Աղասի Ենոքյան
«Պետք է ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը դնել դարակում և սկսել աշխատել Արևմուտքի հետ, այդ թվում՝ Մինսկի Խմբի արևմտյան համանախագահների հետ ակտիվացնելու համար ՄԽ աշխատանքները»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած լարվածությանը, Մինսկի խմբի ջանքերին, դրանց արդյունավետությանն ու ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության բացակայության մասին ՀՀ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարների հավաստիացումներին, ասաց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա մասնավորապես նշեց, որ ոչ թե ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա, այլ, ինչպես նախարար Նալբանդյանը բացատրեց, ՀԱՊԿ-ին դիմելը պարզապես անիմաստ է:
«ՀԱՊԿ-ն ոչինչ չի կարող անել, քանի որ դիմումից հետո մինչև ՀԱՊԿ-ի ընթացակարգերն ավարտվեն, մինչև ՀԱՊԿ-ն տեղից շարժվի, հակառակորդը կհասնի չգիտեմ թե որտեղ»,- նշեց վերլուծաբանը:
Աղասի Ենոքյանը մի քանի զարգացում մատնանշեց, որոնցից, նրա խոսքով, արժե լուրջ հետևություններ անել: «ԵՏՄ-ն չավելացրեց ՀՀ անվտանգությունը և չէր էլ կարող ավելացնել: Ավելին՝ մենք տեսնում ենք, որ ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ անվտանգությունն էլ ավելի խոցելի է դարձել: Տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին շրջանում շատ ավելի դանդաղ է գործում, պակասեցրել է ակտիվությունը: Այս ամենից կա մեկ հետևություն` Հայաստանը, անկախ իր ՀԱՊԿ, ԵՏՄ անդամակցությունից, պետք է փորձի ավելի բազմակողմանի դիվանագիտություն վարել` ակտիվ աշխատելով արևմտյան գործընկերների, ՄԽ արևմտյան համանախագահ երկրների հետ ևս»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Վերջինս տարօրինակ և զարմանալի է որակում ՀՀ ԱԳՆ աշխատանքը: Նրա գնահատմամբ` այս վտանգավոր իրավիճակում ՀՀ-ն` ի դեմս ԱԳՆ-ի, ընդհանրապես դիվանագիտություն չի վարում, ավելին, նրա խոսքով, արտաքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններ անում է ոչ թե ՀՀ ԱԳ նախարարը, այլ ՀՀ Պաշտպանության նախարարը: «Պարզապես ՀՀ ԱԳՆ-ն պետք է սկսի աշխատել, իսկ մինչ այժմ հասկանալի չէ` ինչո՞վ են նրանք զբաղված: Մեզ պետք է ավելի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն` անկախ մեր՝ վերջերս ստորագրած պայմանագրերից և ԵՏՄ անդամակցությունից: Պետք է ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը դնել դարակում և սկսել աշխատել Արևմուտքի հետ»,- ասաց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավարը:
Անդրադառնալով շրջանառվող տեսակետներին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր վերահսկողությունը հակամարտող երկրների նկատմամբ, սկսել է չբավարարել հակամարտությունը լայնածավալ պատերազմի վերածելը կանխելու հարցում` Ենոքյանը նշեց, որ չի կարծում, թե Մինսկի խումբը սկսում է չբավարարել: Նրա կարծիքով` պարզապես Մինսկի խմբի հետ աշխատանք չի կատարվում: Ավելին, Ենոքյանի համոզմամբ, ՄԽ-ն այս ամբողջ ընթացքում ապացուցել է, որ լավագույն ձևաչափն է՝ ստատուս-քվոյի պահպանման համար: «Երբ Հայաստանը Մինսկի խմբի արևմտյան գործընկերներից երես է թեքում և ամբողջովին փորձում է հարցերը Ռուսաստանի հետ լուծել, հանգում ենք այն իրավիճակին, ինչ ունենք այսօր»,- ասաց Ենոքյանը:
Հարցին, թե դիվերսիֆիկացված դիվանագիտության բացակայությունը պայմանավորված է անձո՞վ, թե՞ Ռուսաստանի կողմից կտրուկ սահմանափակումներով` պատասխանեց, որ դիվանագիտությունն անձով չէ պայմանավորված, այլ վարչախմբով: «Դա պայմանավորված է նրանով, որ ՀՀ իշխող վարչախումբը չի տեսնում Մոսկվայից այն կողմ որևէ արտաքին քաղաքականություն»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, որ տարեսկզբից լարված է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում: ՀՀ ԱԳ նախարարն օրերս տված մամուլի ասուլիսի ընթացքում ակնարկեց, որ ՀԱՊԿ-ին՝ աջակցություն ստանալու հարցով դիմելը և արձագանք ստանալը պարզ գործընթաց չէ` ակնարկելով, թե անիմաստ է դիմել, իսկ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն պարզապես չկա:
Այնինչ իրավիճակը մնում է լարված, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողացել է հանդիպում կազմակերպել միայն երեկ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին և «լուրջ մտահոգություն հայտնել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի»։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) տարածած համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «պետք է վերջ դնել անցած տարվանից աճող բռնություններին՝ վստահության վերականգնման և ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»,- հայտարարում են համանախագահները։
Համանախագահները նաև տեղեկացրել են, որ Մամեդյարովի հետ քննարկել են խաղաղության գործընթացի հնարավոր հետագա քայլերը, այդ թվում՝ համապարփակ բանակցությունները, որոնց արդյունքը կարող է լինել տևական կարգավորումը, և որից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները։ «Մենք նախարարին հիշեցրեցինք մեր մանդատի մասին և մտահոգություն հայտնեցինք բանակցությունների գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերի և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների վերաբերյալ հնչեցված քննադատության առնչությամբ»,- նշել են համանախագահներն իրենց տարածած հայտարարությունում։