
Վանաձորի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջը չկար

Այսօր Վանաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր, որն ամենևին չէր վերաբերվում Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը և Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելուն:
Մինչ օրակարգում եղած խնդրին անդրադառնալը քաղաքապետի նախաձեռնությամբ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Օրակարգում ներկայացված հարցի քննարկումից հետո Ս. Դարբինյանը նիստը համարեց ավարտված, սակայն նախ ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ երբ ինքն արձագանքել է Նախաձեռնող խմբի ակտիվիստների ավագանուն ուղղված կոչին, արտահայտել է միայն իր կարծիքը և ոչ թե ամբողջ ավագանու: Նա նաև նշեց, որ որևէ հասարակական կազմակերպություն գրավոր առաջարկ չի ներկայացրել ուղերձով հանդես գալու վերաբերյալ:
ՀՔԱ Վանաձոր գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկացրեց ավագանու անդամներին, որ 2015 թ. հունվարի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գրություն է մուտք արվել Վանաձորի քաղաքապետարան ուղղված ավագանու անդամներին և քաղաքապետին, որով պահանջվում էր արտահերթ նիստ հրավիրել և հանդես գալ ուղերձով: Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը ընթերցեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունը և նշեց, որ ավագանու անդամները միայն այսօր են ծանոթացել գրությանը, բացի այդ պատրաստի ուղերձ չկա և դրա քննարկման վերաբերյալ արտահերթ նիստ դեռևս չի կարող հրավիրվել:
Հարցի շուրջ ծավալված քննարկման մանրամասները տեսանյությում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ