Վարդան Պետրոսյանը՝ զոհված երեխաներից մեկի մորը. «Ցավում եմ, որ դուք ներքաշվեցիք այս ամենի մեջ»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանն իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով քննության ընթացքում ասաց, որ դատավարության ընթացքում իրեն երկու բան է զարմացրել: «Ինձ ձերբակալել են նոյեմբերի 6-ին, կալանավորել, այսինքն՝ այստեղից պատգարակով կիսամեռ տարել հիվանդանոց, և այսօր մենք վերջացնում ենք դատը: Այս ամբողջ ընթացքում ինձ երկու բան է զարմացրել: Չեմ հավատացել, որ հնարավոր է մարդուն այդ վիճակում պատգարակով տանել կալանավայր, ի դեպ, դեռ ուզում էին տանել «Նուբարաշեն», փառք Աստծո, տարան կալանավայր: Դրան չէի հավատում: Մնացած ամեն ինչ հավատում էի, ինչ կլիներ:

Եվ երկրորդ՝ ես չեմ հավատացել, որ վերջին դատական նիստին այդ մի սարսափելի ստի մեջ (ես այդպես եմ անվանում, ինչպես ուզում եք՝ ասեք) ներքաշեցին Նաիրա Հայրապետյանին, այսինքն՝ զոհված երեխաններից մեկի մորը: Հա, տիկին Նաիրա, ես ամեն ինչ կհավատայի: Ես ամեն ինչին հավատում եմ՝ Ձեր փաստաբանը ինչ կարող էր անել, Ձեր ամուսինը, և դեռ ուր կարող են հասնել իրենց ստեղծագործական մտքերը, բայց ես չեմ հավատեցել, որ իրենք թույլ կտան, որ Ձեզ ներքաշեն: Ձեր վերջին ֆրազը, վերջին արտահայտությունը, որ Վարդան Պետրոսյանի ամենաանբարո քայլն այն էր, որ նա ասաց՝ լրիվ կոմպենսացիա կստանաք միայն այն պայմաններում, եթե Արթուր Հակոբյանը  գա, ասի՝ ես հետընթաց եմ կատարել, չի համապատասխանում իրականությանը: Դա ուղղակի դաժան սուտ է: Ուրիշ ոչինչ չեմ ասում: Ցավում եմ, որ դուք ներքաշվեցիք այս ամենի մեջ: Ինչո՞ւ: Որովհետև Ձեր խոսքն էր հավաստի, որովհետև Դուք էիք տղամարդկայնորեն ասում: … Եթե նույնիսկ երբեմն այստեղ խոսել կամ չեմ խոսել, դա Ձեր շնորհիվ կամ ձեր պատճառով է եղել, որովհետև ես Ձեզ այնումամենայնիվ այլ կերպ եմ վերաբերվել, վերաբերվում: Սա չի նշանակում, որ ես փորձում եմ բարի վերաբերմունք կորզել, հանկարծ չմտածեք: Բոլորովին, այսպիսի բան չկա»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից՝ նա ասաց, որ գիտի, թե ինչու այս գործն այսպես դասավորվեց և ինչու «այսպես սարքվեց»: «66թ. Պարույր Սևակը Հայաստանում խոսեց Գրողների միությունում գազոնային քաղաքականության մասին: Սա նույնի շարունակությունն է՝ անհատ և հասարակություն, ավելի ճիշտ՝ ռեժիմ: Չեմ ուզում ինքս ինձ մեծարել: Պատահական չեն Սևակի, Մինասի, Երվանդ Քոչարի, Աճառյանի, Չարենցի, շատ շատերի օրինակը, որոնց ճնշել են, ճզմել են: Նույնիսկ Աբովյանի… բայց ի տարբերություն այդ ամեն ինչի, մի զարմանալի զավեշտական բան եմ ուզում ձեզ պատմել: Երվանդ Քոչարը՝ մեր մեծանուն մաեստրոն, որը Փարիզից 36թ. եկավ այստեղ, նրան նստեցրել էին բանտ ու ծեծում էին: Ծեծում էին, ծեծում էին: Բան չէր արել, իհարկե: Նա, որ մեզ թողեց արվեստի, քանդակագործության, նկարչության ամենամեծ տրադիցիաները…: Բանտից դուրս գալուց հետո տարեց Երվանդ Քոչարը սիրում էր նարդի խաղալ մի ռամիկ մարդու հետ: Ինձ պատմել է Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը:

Ասում է՝ հայրիկ, ինչո՞ւ ես նրա հետ նարդի խաղում, ո՞վ է այս մարդը: Ասում է՝ գիտե՞ս, սա ինձ բանտում ծեծողն էր: Ինչո՞ւ ես իր հետ խաղում: Ասում է՝ որովհետև ինքը ձեռքը եկածի չափ քիչ էր ծեծում, էլի:

Ինչ ասեմ, հարգելի դատարան: Ես չեմ ուզում ինձ մեծ ուսուցչի՝ Երվանդ Քոչարի հետ համեմատել, բայց հավատացնում եմ՝ իմ վերաբերմունքը նույնն է: Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ: Ճիտ է՝ ես այնքան կողմ չեմ հարգարժան մեղադրողի մեղադրանքին: Դա ուրիշ հարց է, բայց չեմ կարող չնշել նրա կոռեկտությունը, զսպվածությունն ամբողջ դատավարության ընթացքում: Երևի թե բոլորիցս ավելի շատ: Չեմ կարող չնշել Ռուբեն Բալոյանի սարյանական դեղին, օրանժ գույնը, այդ հայեցի շիրա, խաղող ողկույզի պես հայեցի մի բան ունի, փոթորիկի պես խաղում է: Ի՞նչ ասեմ: Մարդն իր գործն է անում: Ի՞նչ ասեմ: Եվ դեռ անելու է: Տուժածների նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ նույնն է (այստեղ նստած է տիկին Նաիրան), և մնալու է նույնը մինչև կյանքի վերջը»,- ասաց նա:

Նա նշեց, թե շնորհակալ է իր պաշտպաններին, ում վարձել է քննչական անօրինությունների պատճառով, շնորհակալություն հայտնեց լրագրողներին, իր ընկերներին, իր հանդիսատեսին: «Վթարը բոլորիս համար է, հիշեք: Ամենամեծ վարորդը կարող է վթար տալ»,- ասաց նա: Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իր կալանակիցներին, նշեց, որ նրանք իրեն ոտքի կանգնեցրին, սովորեցրին ապրել այս դժբախտությունը, դեպի առաջ նայել՝ առանց մոռանալու այդ դժբախտությունը:

«Տեղի ունեցածը ես համարում եմ դժբախտ պատահար, որ կարող է պատահել բոլոր մարդկանց հետ: Ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, ես գիտեմ՝ ինչ է պատահել, բայց իսկապես գիտեմ: Ընդ որում, ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ, ամեն ինչ գիտեմ: Այստեղ շատ բան չեմ ասում, երևի չեմ ասելու, որովհետև ես գտնում եմ, որ լռությունն ավելի տղամարդկային է, քան շատ խոսելը: Չեմ ասում, չեմ խոսում»,- ասաց նա՝ նշելով, որ գիտակցում է իր պատասխանատվության չափը, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Տեսանյութեր

Լրահոս