
Իրանն ամուր դիրքորոշում ունի Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ. Ուսուպաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Իրանում: Այցը մեկնարկել է հունվարի 24-ին և կավարտվի հունվարի 27-ին:
Ուսուպաշվիլին արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Իրանի Նպատակահարմարության խորհրդի նախագահ, երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի, ներկայիս նախագահ Հասան Ռոուհանիի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
Այդ հանդիպումներում քննարկվել են առևտրային, տնտեսական, էներգետիկ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը, վիզային ռեժիմի դյուրացման հեռանկարները, երկու երկրների խորհրդարանների փոխհարաբերությունները: Ուսուպաշվիլին հայտարարել է, որ երկու երկրները կարիք ունեն բարելավել իրենց փոխհարաբերությունները:
Նրա խոսքերով՝ Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում Վրաստանի վերամշակող արդյունաբերության, բիզնեսի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտների հանդեպ, ինչը համընկնում է Վրաստանի շահերի հետ:
Ուսուպաշվիլին ընդգծել է, որ չնայած գործադրվող ճնշմանը՝ Իրանն ամուր դիրքորոշում է զբաղեցնում Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ: Նա իր իրանական այցը գնահատում է որպես արդյունավետ: