
Տանից գողացել էր որսորդական հրացան, դանակ և հեռադիտակ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 24-ին՝ ժամը 15:10-ին, բաժին է ներկայացվել 1999 թ. ծնված Գոռ Ս.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պատուհանը բացելով՝ 1964 թ. ծնված Ալիկ Պ.-ին պատկանող տնից գողացել է տանտիրոջ անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող, որսորդական հրացան և դանակ` պատյանով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Ս.-ն գողացել է նաև հեռադիտակ:
Վնասի չափը պարզվում է: Գողոնը առգրավված է:
Գոռ Ս.-ն ձերբակալված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:
ՀՀ ոստիկանություն