«Ես քիչ է մնում խելագարվեմ». Վարդան Պետրոսյան

Իր գործի քննության ընթացքում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանը հանդես եկավ ճառով:

Նա նշեց, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը հայտնել է, թե իր հարազատները չեն մասնակցել վթարի արդյունքում մահացած երեխաների մահվան տարելիցին նվիրված սգո արարողությանը, իսկ հաշտության քայլերը եղել են ձևական:

Վարդան Պետրոսյանի խոսքով՝ հոկտեմբերի 20-ից՝ երեխաների մահվան տարելիցից մի քանի օր առաջ, իր ազգականները զանգել և խոսել են Հակոբյանների հետ, նախապես ցավակցել, պայմանավորվածություն ձեռք բերել մեկ այլ օր գնալ գերեզմաններ, ցավակցել: Բացի դա, նրա խոսքով՝ իր ընտանքի կողմից համացանցում ցավակցություն է գրվել, կարդացել են բոլորը, և, համոզված եմ, որ տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչն էլ կարդացել է: «Ինչ որ տեղի է ունեցել կամ ինչ որ հայտնել է Ռուբեն Բալոյանը՝ ինձ թվում է անարժանահավատ»,- ասաց նա՝ նշելով, որ չի հասկանում, թե ինչու են իրենց ջանքներն իմիտացիա անվանվում:

Նա հարց հնչեցրեց՝ եթե տուժող կողմը չի ցանկացել հաշտվել, ինչո՞ւ հենց սկիզբից հարցն այդպես չի դրվել. «Ինչո՞ւ «Արմենիա» ընկերության հաղորդման մեջ, որ դեռ դատավորությունը չսկսած ինձ պախարակող հաղորդում գնաց (դրա մասին խոսեց փաստաբանը), ինչո՞ւ Հայկ Հակոբյանն ասում էր՝ մի հատ չեկան, չխնդրեցին, չաղաչեցին՝ չնայած այն բանին, որ բազմաթիվ անգամ, 17-20 անգամ արդեն գնացել էին մարդիկ: Ես կալանքի վայրից ուղղակի վիրավորված նամակ եմ գրել, թե ինչո՞ւ եք այդպես անում, ինչո՞ւ եք ասում այն, ինչ այդպես չէ, և դա տուժածների կողմից դիտվել է որպես ոչ անկեղծ, այլ ձևական քայլ, որովհետև ես օրերը գիտեմ, թե ով, երբ, ուր է գնացել»:

Ներկայացնելով մանրամասներ Հակոբյանների հետ հանդիպումներից, ձեռնարկված քայլերից՝ Վարդան Պետրոսյանը հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ, ինչո՞ւ են մտածել, թե այս ամեն ինչը կեղծ է, ձևական է, ուզում են խաբել՝ որ ի՞նչ, որ փո՞ղ քիչ տանք: Ախր ի՞նչ: Ես քիչ է մնում խելագարվեմ»:

Նա ասաց, որ չի տեսել վթար, երբ տուժածների մոտ այսքան մարդ գնա:

«Կալանավորների հիվանդանոցից ինձ տեղափոխեցին ձեր նամակի համար «Նուբարաշեն»՝ բանտ, մեկուսարան, ավելի վատ պայմաններ, որ երևի ձեզ ավելի լավ զգաք կամ միգուցե ինձ ավելի շատ մեկուսացնեն: Ես չգիտեմ՝ ինչի՞ համար: Բայց ես դա էլ լուռ, անդուլ տարել եմ, այդքանից հետո էլ ասել եմ՝ ինչ որ կասեն, մոռանում ենք, ինչ լսում ենք՝ մոռանում ենք, և ոչ թե այն բանի համար, որ ես ինձ մեղավոր եմ զգում, որովհետև, ինչպես ասում են՝ պատասխանատու եմ զգում, որովհետև երկու երեխա է զոհվել և մեկը՝ վիրավորվել: Ի՞նչն է պատճառը, որ երբ առաջին օրվանից ուզել ենք Տաթևիկի բուժմամբ զբաղվել, այդ ամեն ինչն անընդհատ անպատվել է: Այսօր ինքն է ինձ անպատվում: Երբ ես իրեն ասում եմ՝ ես պատրաստ եմ կյաքս տալ, ես կայացած մարդ եմ, ես արդեն մեծ մարդ եմ՝ տարիքով էլ, համացանցում գրում է՝ դերասան:

Էլ ի՞նչ ասեմ ես: Դե, դերասանություն է, էլի անում: Թատրոն եմ խաղում, էլի, թատրոն եմ խաղում, երևի, էլի: Էլ բան ու գործ չունեմ, երևի, ես: Նստեմ այնտեղ՝ բանտում, գամ այստեղ, թատրոն խաղամ: Այսքան մարդկություն իմ մեջ չկար, էլի, որ մտածեք՝ այ մարդ, այս մարդը կարող է իսկապես սրտի խորքում իսկապես ցավակցում է»:

Նա ավելացրեց, որ՝ ով ուզում է հաշտվել, առիթ է փնտրում, ով չի ուզում հաշտվել, պատճառ է փնտրում:

Վարդան Պետրոսյանի խոսքով՝ իրեն դեպքից մի քանի օր անց են տեղեկացրել, որ վթարի արդյունքում երեխաներ են մահացել, ինքը եղել է «կիսամեռ». «Ես ինքս նույնիսկ փաստաբան չեմ ուզել: Ես հակված եմ եղել, որ դատն այլ կերպ լինի, կամ՝ չլինի, կամ՝ այլ կերպ լինի: Բանն այն է, որ ինձ ասել են, որ շատ արագ քո դեմ ցուցմունքներ են գրվում, գործը պետք է գնա դատարան, քրեական գործ է բացվում: Այդ դեպքում ես չեմ կարող լինել առանց փաստաբան»:

Նա նշեց, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչու են քննիչներն այսպես անօրինականություններ թույլ տվել: Իր խոսքում նա մարմանասներ ներկայացրեց նախաքննության ընթացքից:

Նա ասաց, որ կալանավայրի իր ընկերները սովորեցրել են վիշտն ապրել: Նա ասաց, որ երկու տղաները միշտ կլինեն իր հետ. «Ուղղակի այդ տղաների շնորհիվ իմ խոսքը ձեռք կբերի մի ուրիշ որակ, մի ուրշ հոգևոր որակ»:

Նա ասաց, որ խորապես ցավում է այս մեծ ողբերգության համար: «Ամբողջ ընթացքում ճանապարհներ եմ փնտրել, որպեսզի մեր ընտանիքները կարողանան հաշտվել՝ ասելով, որ իրենց վիշտը մեր վիշտն է: Ես այսօր հայտարարում եմ՝ չնայած դա հայտարարելու բան չէ, բայց ես արդեն չգիտեմ՝ ինչ ձևով խոսեմ մարդկանց հետ, որ այս խաչը ես տանելու եմ ամբողջ կյանքով մեկ: Ես զարմանում եմ. էլ ի՞նչ կարելի էր անել: Գումար տրվեց, բողոքում եք՝ բողոքեք, դատարանը գումարը բավարարի, դա էլ ենք համաձայն: Ուզում եք նստե՞նք, դա էլ եմ նստում, տո իմ համար էլ եմ նստում, քո համար էլ եմ նստում: Հա: էլ ի՞նչ եք ուզում: Ի՞նչ եք ուզում: Ես էլ չեմ հասկանում»,- ասաց նա:

Դատարանում ռեպլիկներով հանդես եկան մեղադրողն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը: Մեղադրողն ասաց, որ ամբաստանյալի երեք պաշտպանների ճառերն էլ իրեն են ուղղված եղել: Խոսելով Մարի Դոզեի այն մտքի մասին, որ իր ճառը մեղադրական եզրակացությունից չէր տարբերվում, մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, որ իր մոտ տպավորություն է, որ նրան թարգմանաբար ներկայացնում են այն, ինչ իրենց է ձեռնտու՝ նրա մոտ կարծիք ստեղծելու համար: Նա ասաց, որ դրանք կարող էին իրար նման լինել, քանի որ վերաբերում էին նույն գործին, սակայն ճառը տարբեր էր մեղադրական եզրակացությունից, քանի որ ճառում վերլուծվել էին նաև դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները:

Իսկ մյուս պաշտպանի դիտարկմանը, որ ներկայացված չէ հիմք, թե ինչու է դեպքի վայրի կրկնակի զննություն կատարվել, մեղադրողը հակադարձեց, որ դա կատարվել է, քանի որ առաջինը եղել է ուշ ժամի, և բնական է, որ բնական լույսի պայմաններում հետքերն ավելի լավ կերևան: Նա ասաց, որ գտնում է՝ ամբաստանյալի համար իր միջնորդած պատժաչափը համաչափ է նրա կատարած արարքին:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներակայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ պաշտպանական կողմը շատ ճիշտ ճանապարհով է գնացել՝ «մաքրել է խմածությունը գործի միջից»:

Նրա խոսքով՝ եթե խմածության փաստն ապացուցվեր, նրանք 30 րոպեի փոխարեն ընդամենը 1 րոպե ելույթ կունենային: Նա ասաց, որ ամբաստանյալի և վկայի և դատարանում այդպես էլ չհարցաքննված «Չէին սպասում» հաղորդաշարի նկարահանող խմբի անդամների ցուցմունքներում հակասություններ կան: Նրա խոսքով՝ չհարցաքննված վկաները պնդել են, որ շշի մեջ տնական օղի է եղել, իսկ ամբաստանյալն ու վկան պնդում էին, որ ջուր է եղել դրա մեջ: Նա վկայակոչեց նաև այլ փաստաթղթեր:

Ռուբեն Բալոյանն ասաց, որ ամբաստանյալը 50-ից ավելի անգամ ցուցմունք տալու հնարավորություն է ունեցել, պարզապես չի ցանկացել:

Դատական նիստը կշարունակվի հունվարի 26-ին:

Տեսանյութեր

Լրահոս