![](/banners/BeFunky-design.jpg)
Տուժողի իրավահաջորդ. «Տոների փոխարեն նշում ենք մեռելոցներ, Սուրբ խաչեր, զատիկներ…» (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/Naira-Hayrapetyan.jpg)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դտարանում Վարդան Պետրոսյանի մասնակցության տեղի ունեցված ավտովթարի գործի քննության ընթացքում ռեպլիկով հանդես եկավ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը: Նա ասաց, որ մի ամբողջ տարի տևած դատավարության արդյունքում միջնորդվեց 6 ու կես տարվա ազատարզկման դատապարտել Վարդան Պետրոսյանին՝ «չնայած մեղադրյալը խլեց երկու 16-ամյա լուսավոր տղաների կյանք, որոնք զոհ դարձան անպատասխանատու մարդ արարածի, որը զվարճացած, գինովցած նստեց ղեկին և դժբախտացրեց մայրեր, ընտանիքներ»:
«Կրելով անդառնալի կորուստ՝ կոչ եմ անում բոլոր վարորդներին ղեկին լինել սթափ վիճակում, փաստաբաններին հորդորում եմ արդարացի մեկնաբանություններ կատարել՝ զերծ մնալով կեղծիքից ու անսպառ երևակայությունից: Այս դատի ընթացքում Նիկոլայ Բաղդասարյանը ամեն հնարավորին կերպով մեզ նվաստացրեց, վարկաբեկեց, ոտնահարեց մեր վիշտը հանրության առաջ: Մի՞թե սա է պահանջվում ամբաստանյալին պաշտպանելու համար: Մեր կյանքը նախքան վթարը՝ երեխաներ ենք մեծացրել, հաշվել նրանց տարիքը և հաջողությունները, իսկ հիմա մենք հաշվում ենք տարիները, օրերը առանց նրանց: Տոների փոխարեն նշում ենք մեռելոցներ, Սուրբ խաչեր, զատիկներ:
Հատուկ ցանկանում եմ նշել Վարդան Պետրոսյանի անբարոյական առաջարկի մասին, որ վնասը ամբողջությամբ կհատուցվի միայն մեկ դեպքում՝ եթե «Նիվայի» վարորդը ասի, որ մեքենան հետ է տվել, փակել Վարդանի դիմացը, նոր այդ պայմաններում Վարդանն անմեղ է»,- ասաց տուժողի իրավահաջորդը:
Դրանից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպանը բողոքեց, որ իրեն տուժողը «վիժվածք» անվանեց: Նա միջնորդեց դիմել դատախազին՝ քրեական գործ հարուցելու համար:
Ապա Նաիրա Կարապետյանը շարունակեց. «Իմ սրտից և հոգուց պոկված մասնիկն ավելի թանկ է, քան ձեր գրպանից պոկված որևէ նյութական արժեք: Ի վերջո, կյանքը բումերանգ է: Կարող է մի օր ձեզանից յուրաքանչյուրին, ով մեզ քննդատում է, վարկաբեկում, բաժին ընկնի այս աթոռը, որը հիմա ես եմ զբաղեցնում այս դահլիճում: Կարծում եմ՝ միայն այդ դեպքում դուք կհասկանաք իմ անսահման վիշտը՝ չնայած ես որևէ մեկին իմ ճակատագիրը չեմ ցանկանում»:
Նա ավելացրեց, որ քանի դեռ վնասի հատուցման թեման փակված չէ, իրենք շարունակելու են բողոքել, այդ թվում նաև վերաքննիչ դատարան: Իսկ Նիկոլայ Բաղդասարայնի միջնորդությունը կքննարկվի հաջորդ դատական նիստի ընթացքում: