Բաժիններ՝

Բռնակցելով Ղրիմը՝ Ռուսաստանը մարտահրավեր նետեց եվրոպական արժեքներին. Մերկել

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ ելույթ է ունեցել Դավոսում, ուր ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը:

Մերկելը հայտարարել է, որ այս տարեսկզբին Փարիզում գրանցված ահաբեկչություններ ու նախորդ տարի Ռուսաստանի գործողությունները խախտում են եվրոպական աշխարհակարգի հիմնարար սկզբունքները.

«Ընթացիկ տարին սկսվեց Փարիզի ապշեցուցիչ իրադարձություններով, ուր ահաբեկչական հարձակման ենթարկվեցին Charlie Hebdo-ի խմբագրակազմը, ոստիկաններն ու հրեաները:

Դրանք ցույց տվեցին, որ մենք սպառնալիքներին բախվել ենք ոչ թե Եվրոպայի սահմաններում, այլ, որ իսլամական ահաբեկչության դեմ պայքարն ունի գլոբալ բնույթ»: Անդրադառնալով Ուկրաինայի դեպքերին՝ Մերկելը հայտարարել է, որ դրանք նույնպես խաթարում են այն արժեքները, որոնց վրա հենված է եվրոպական հասարակությունը.

«Մենք բախվել ենք այնպիսի խնդիրների հետ, որոնց չէինք ակնկալում: Դա Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտությունն է: Խոսելով իմ կառավարության անունից՝ ցանկանում եմ հասկացնել տալ, որ մենք այստեղ մեծապես կարևորում ենք մեկ բան. այստեղ խախտվել են եվրոպական աշխարհակարգի հիմնարար սկզբունքները:

Ղրիմի բռնակցումը ոչ թե պարզապես ինչ-որ բռնակցում է, այլ՝ այն բանի ակնհայտ խախտում, որը մեզ հնարավորություն տվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապրել ու գոյակցել խաղաղ: Դա սահմանների անխախտությունն է և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքը:

Ուկրաինայում տեղի ունեցածն ունի հատուկ նշանակություն, որովհետև նա հրաժարավել է միջուկային զինանոցից՝ իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության երաշխիքների դիմաց, որոնք ամրապնդվել են 1994 թվականի Բուդապեշտի հուշագրով:

Երաշխավորողների դերում հանդես են եկել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը: Այն բանից հետո, ինչ Ռուսաստանը խախտեց այդ համաձայնագիրը, ո՞ր երկիրը կհետևի Ուկրաինայի օրինակին ու կհրաժարվի միջուկային զենքից: Այդպիսի երկիրը կհամարի, որ միջուկային զենքից հրաժարվելն իրեն դարձնում է ավելի թույլ ու խոցելի այդօրինակ հարձակման առջև»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս