«Հայաստանը սուսիկ-փուսիկ վերածվեց օֆշորային գոտու». Աշոտ Խուրշուդյան
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը միաժամանակ երկու կարևոր որոշում է կայացրել։
1. Փաստորեն նրա օրոք Հայաստանում սահմանվեց ներմուծման առաջին քվոտան, այսինքն, այն լիբերալ ինդեքսն-մինդեքսը, որով հպարտանում էինք, արդեն կարող ենք քննադատել, իբր դա էական չի Հայաստանի համար
2. Հայաստանը սուսիկ-փուսիկ վերածվեց օֆշորային գոտու։
Հ.Գ. – Չեմ գնահատում, թե սա ինչ կտա Հայաստանին, զուտ փաստն եմ արձանագրում»։
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու օրինագծին, որով բացառապես արտահանմամբ զբաղվող և 50 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների շահութահարկի դրույքաչափը 20%-ի փոխարեն սահմանվում է 2 %:
Ավելացնենք նաև, որ այս փոփոխությունը չի վերաբերում հանքարդյունաբերության ոլորտին, որն ամենամեծ կշիռն ունի ՀՀ արտահանման կառուցվածքում։ «Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս խնդիրը, այն չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Ես կարծում եմ, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար»,- կառավարության նիստում ասել է Հ. Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում նաև սահմանել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, 2 տարվա ընթացքում, սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 % ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ մեկ տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև այդ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը: