«Հայերը չեն կարող հետաքննել այն, ինչը ՌԴ դատախազությունը կարող է անել շատ ավելի լավ». Նորատ Տեր-Գրիգորյանց

168.am-ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն Տեր- Գրիգորյանց, օրերս Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի գործած առանձնակի դաժանության հանցագործությունը ցնցեց ողջ աշխարհը՝ Հայաստանում ռազմաբազայի նշանակության վերաբերյալ մի շարք հարցեր բարձրացնելով: Դուք կանգնած եք ՀՀ ԶՈՒ ձևավորման և Հայաստանում 102-րդ ռազմաբազայի տեղակայման ակունքներում: Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման միտքը:

– ԽՍՀՄ-ն  արդեն  մահանում էր, երբ ես Հայաստանում էի, և  Հայաստանից պետք է հեռանար նաև ՌԴ Անդրկովկասի ռազմական օկրուգի 127-րդ  մոտոհրաձգային  դիվիզիան: Ես առաջարկեցի դուրս չթողնել այդ դիվիզիան Գյումրիից: Իմ այդ առաջարկը պատճառաբանեցի հետևյալ կերպ` ՀՀ-ն  ՆԱՏՕ-ի կազմում չէ, Վարշավյան պայմանագրում չէ, անկախ երկիր է, որով և խոցելի է դարձել, ու չի բացառվում, որ  թուրքերը հարձակվեն Հայաստանի վրա, որը չունի ո՛չ բանակ, ո՛չ ուժեր, որի հետևանքով բոլորին կոչնչացնեն: Այդ դիվիզիան պետք է մնար՝ որպես բազա, և Ռուսաստանը կլիներ այդ բազայում: Բազա էինք ուզում ստեղծել, իսկ բազան պարզապես վարունգների պահուստ չէ, այլ  ռազմական բազա, որը մենք անվանեցինք 102-րդ ռազմաբազա, և այն հագեցավ  նորագույն ռազմական տեխնիկայով, մի որոշ ժամանակ անց՝ նաև ավիացիոն ուժերով: Դա դարձավ մի բազա, որն ընդլայնվելու հնարավորություններ ունի: Պավել Գրաչովի հետ բանակցությունների արդյունքում ռամաբազայում ավիացիոն ուժեր   և Հակաօդային պաշտպանությունն (ՀՕՊ) ավելացավ: Ես այդ բազայի կազմակերպման հարցերով հանձնաժողովի ղեկավար էի նշանակվել: 1992թ. նաև բանակցություններ սկսվեցին ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար,  գեներալ Նիկոլաևի հետ, և համաձայնություն ձեռք բերվեց, որ ՀՀ սահմանապահների  50%-ը կլինեն՝ ՀՀ ԶՈՒ, իսկ մյուս 50-ը` ՌԴ ԶՈՒ ներկայացուցիչներ:

Մենք նաև ամրագրել էինք, որ այդ բոլոր ռազմական ստորաբաժանումները նախատեսված էին  ՌԴ անվտանգության ապահովման և ԱՊՀ արտաքին սահմանների համար, իսկ հետո, երբ Դմիտրի  Մեդվեդևը դարձավ ՌԴ նախագահ,  ստորագրեց այդ ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը  49 տարով երկարաձգելու պայմանագիրը: Այդ նոր  պայմանագրով, սակայն, ամրագրվեց, որ այդ բազաներն ապահովում են ոչ միայն ՌԴ-ի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ ՀՀ ԶՈՒ-ի հետ համատեղ:

Ո՞վ պետք է այնտեղ ծառայի ռազմաբազայում: Այնտեղ ծառայում են ՌԴ Զինված ուժերի ներկայացուցիչները` ռուսներ, թեև կան նաև հայեր,  յակուտներ, թաթարներ, հրեաներ, քանի որ ՌԴ-ն բազմազգ երկիր է: Յուրաքանչյուր զինծառայող, լեյտենանտ, հրամանատար, որն այնտեղ ծառայության պետք  է անցնի, պետք է ՌԴ-ում  մասնագիտական, հոգեբանական որոշակի փուլ և ընտրություն անցնի:

– Պերմյակովը, ինչպես մեզ հայտնի է, ժամկետային զինծառայող է: Ռազմական մի շարք փորձագետների գնահատմամբ՝  ռազմաբազաներում նպատակահարմար չէ ժամկետայինների ծառայությունը:

– Ոչ, ոչ, ոչ, հիմա կասեմ: Այն զինվորները, որոնք ծառայում են իրենց երկրի այս կամ այն արտասահմանյան բազայում, ներկայացնում են իրենց երկիրը մեկ այլ երկրում, այս դեպքում՝ Հայաստանում, նրանք ներկայացնում են ՌԴ հեղինակությունը ՀՀ տարածքում:  Այդ սրիկա Պերմյակովն ամոթով թողեց ռուս ժողովրդին այդ դաժան սպանությամբ: Բայց պետք է ասել, որ ռազմաբազայում կարող են ծառայել ժամկետային զինծառայողներ, քանի որ ՌԴ ԶՈՒ-ն բաղկացած է զորակոչիկներից ու պայմանագրայիններից, իսկ դա նշանակում է, որ ռազմաբազայում կարող են ժամկետային զինծառայողներ ծառայել: Իսկ թե ինչո՞ւ են նրան ընտրել, թե ինչո՞ւ են աղանդավորի ուղարկել, և ինչո՞ւ է նրա ծնողը «Հիսունական» աղանդի ներկայացուցիչ, որը ղեկավարվում է արտասահմանյան երկրներից, պետք է պարզի նախաքննական մարմինը:

Չի բացառվում, որ սա կազմակերպված հանցագործություն է,  չի բացառվում, որ սրիկային կաշառել են, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններն այս ողբերգության հետևանքով վատթարանան,  և ամերիկացիները  փաստարկեն, թե ՌԴ-ն պատերազմում  է  Ուկրաինայում, իսկ հիմա հայերին է ոչնչացնում: Իսկ ո՞վ սկսեց Առաջին համաշխարհային պատերազմը: Մի սպանությունից այն սկսվեց: Ուստի ցանկացած պատճառ կարելի է բերել և նման տրամադրություններ ստեղծել:

Ես մի քանի օր առաջ ՌԴ-ում  հավաք կազմակերպեցի գյումրեցիների շրջանում, նրանց բացատրեցի իրերի դրությունը, մենք հարգեցինք հիշատակն այդ ընտանիքի, մենք խոսում էինք այն մասին, որ եթե մեկ ռուս սրիկա նման բան է անում, դա ողջ ՌԴ-ն չէ, ողջ ժողովուրդը չէ:  Հիշո՞ւմ եք  Հրաչյա Հարությունյանի պատմությունը, բայց չէ՞ որ բոլոր հայերը մարդասպան չեն:

Ես հետևում եմ և տեսնում, որ գյումրեցիները պահանջում են հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից: Բայց  պետք չէ այս հրեշավոր հանցագործությունը վերածել քաղաքականության, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հենց դա էլ ցանկանում են, քանի որ Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանն է, իսկ Հայաստանինը` Ռուսաստանը: Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ է, Ադրբեջանը` Թուրքիայի, որը ՆԱՏՕ անդամ երկիր է, ռադիկալ իսլամիստները գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից, իսկ եթե նրանց հաջողվի Հայաստանի հարցը լուծել՝ Հյուսիսային Կովկասը կկարողանան  պատել կրակով: Ուստի, Հայաստանը միակ  ուղին է: Հայաստանը միացավ նաև ԵՏՄ-ին, քանի որ առանց Ռուսաստանի՝ Հայաստանը չի կարող ապրել: Չէ՞ որ մի քանի միլիոն հայ գալիս է Ռուսաստան՝ մի կտոր հացի գումար վաստակելու և հայրենիք ուղարկելու նպատակով: Ինչ է` ճիշտ չե՞մ: Ուստի պետք չէ այս ողբերգությունը, որն իսկապես հրեշավոր հանցագործություն է, վերածել քաղաքականության: Պետք է բոլոր հարցերը կարգավորել և դատել: Պահանջում են, որ հայերը հետաքննեն: Ո՞վ է դրան դեմ: Պարզապես հայերը չեն կարող հետաքննել այն, ինչ ՌԴ դատախազությունը կարող է անել շատ ավելի լավ: Ռուսաստանը կսկսի քննել ողջ եղելությունը. այդ զինծառայողի ողջ պատմությունը՝  սկսած Ռուսաստանից, նրա ընտանիքից ու աղանդավորական կազմակերպությունում նրա ընտանիքի ու նրա գործունեությունից, ինչո՞ւ են նրա ծնողները հեռացել միմյանցից, անցե՞լ է արդյոք համապատասխան հոգեբանական ընտրություն, նրա հոգեբանական վիճակը նորմա՞լ է, թե՞ ոչ, ինչո՞ւ է այդպիսի զինծառայող ուղարկվել արտասահմանում ծառայության: Հաջորդ հարցը` ինչպե՞ս է զենք ստացել, դուրս գալուց առաջ ի՞նչ ծառայության է եղել, ինչո՞վ են զբաղված եղել նրա հրամանատարները, այսինքն` այս ամենը հասկանալու համար պետք է չափազանց լավ տիրապետել ՌԴ ԶՈՒ համակարգի գործունեությանը: Ուստի, ավելի լավ է, որ գործը նախաքննեն ՌԴ քննչական մարմինները՝  ՀՀ քննիչների մասնակցությամբ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս