Ինչ է տեղի ունեցել Կասկադի մոտ. Պարզաբանում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (տեսանյութ)
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Կասկադի մոտ տեղի ունեցած միջադեպին.
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ցավում է հունվարի 18-ին կենտրոնի Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի՝ համատեքստից դուրս փոքրիկ դրվագը ներկայացնող տեսանյութը, ցավոք սրտի, ողողել է հայալեզու համացանցը՝ առաջացնելով շատերի ցասումը: Սակայն նկատի ունենալով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հայանպաստ, հայրենասեր և հայրենանվեր գործունեությանը, պետք է փաստել, որ անհնարին է արգելք դրվի կենտրոնի տարածքում որևէ ազգային խորհրդանիշի նկարահանման կամ տարածման վրա:
Ստորև ներկայացնում ենք միջադեպի ողջ պատկերը, այդ թվում այն դրվագները, որ զետեղված չեն տեսանյութում:
Հունվարի 18-ին մի խումբ անձինք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների պարտեզում ֆոտո- և վիդեոնկարահանումներ իրականացնելու փորձ են կատարել: Կենտրոնի անվտանգության աշխատակիցը ճշտել է՝ ինչ նպատակով են արվում նկարահանումները: Տեղեկանալով, որ նկարահանվող կադրերը նախատեսված են հայ մեծանուն ազատամարտիկ Մովսես Գորգիսյանի հիշատակը հավերժացնող փաստագրական ֆիլմի համար, աշխատակիցը տեղեկացրել է, որ նման նկարահանումը պետք է նախօրոք գրանցվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գրասենյակում, ու քանի որ աշխատանքային օր չէր, անվտանգության աշխատակիցը խնդրել է գալ հաջորդ օրը՝ երկուշաբթի, հունվարի 19-ին:
Իրավիճակը թեժացել է, որովհետև մարդիկ չեն ցանկացել լսել ընթացակարգի մասին, արդյունքում նկարահանող խմբի անդամ Սրապիոն Գևորգյանը անտեղի ափերից դուրս է եկել, և դա կարելի է նաև լսել այդ տեսանյութում: Նշենք, որ նրան ստիպված են եղել կարգի հրավիրել տարածքում եղած ոստիկանները, որոնք երևում են նաև տարածված տեսանյութում:
Ավելորդ լարվածության արդյունքում, անվտանգության աշխատակիցներից մեկը կտրուկ արձագանքեց հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան, ինչը ևս, ընդունում ենք, անտեղի է եղել, և այդ աշխատակիցն ստացել է նկատողություն Կենտրոնի տարածքում անվտանգություն իրականցնող համապատասխան կազմակերպության կողմից: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայցում է բոլորի ներողամտությունը այդ պահնորդի կտրուկ պահվածքի համար:
Այնուամենայնիվ, անվտանգության աշխատակիցները նախօրոք տեղեկացրել են ընթացակարգի մասին, և ստեղծվածը առաջին հերթին թյուրըմբռնում է, քան թե առիթ, որպեսզի առաջին պլան մղվի համատեքստից դուրս 2-րոպեանոց տեսանյութը, որտեղ հնչում են միայն նախադասություններ՝ կապված Հայոց եռագույն դրոշի հետ:
Բնականաբար Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երբեք դեմ չի եղել իր տարածքում Հայոց եռագույնի ծածանմանը: Ավելին, աջակցել է մի շարք հայրենասիրական տեսահոլովակների նկարահանումներին, որտեղ հայոց դրոշը կենտրոնական դեր է գրավում, այդ թվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում ծավալվող դրվագներում»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Կասկադի այգու պահապանները արգելում են քաղաքացուն պարզել ՀՀ դրոշը՝ պատճառաբանելով, թե այգին «մասնավոր տարածք է» եւ այնտեղ «նման բաներն» արգելվում են:
Մանրամասները՝ տեսանյութում: