Պետք է Պերմյակովին գնդակահարել Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանի տարածքում. Լիմոնով
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Այլ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը կոչ է արել գնդակահարել զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է Գյումրիում հայ ընտանիք սպանելու մեջ:
Լիմոնովը Livejournal-ի իր էջում գրել է. «Պետք է անհապաղ փրկել Ռուսաստանի պատիվը, գնդակահարել Պերմյակովին ուղիղ բազայի տարածքում: Հայ ընտանիքի գնդակահարած զինվոր Պերմյակովի պատմությունը պետք է լուծել հնարավորինս արագ, որովհետև արյունալի սպանդն ամեն Աստծու րոպե վնասում է Ռուսաստանի ազգային շահերին:
Նա չունի և չի էլ կարող ունենալ արդարացում: Կա նաև մեկ այլ ելք, որը թույլ է տալիս չհակասել այն օրենքին, որ մենք ինքներս ենք դատում մեր հանցագործներին ու նրանց չենք հանձնում մյուս պետությունների իրավասությանը:
Խոսքը նրա մասին է, որ շուտափույթ Հայաստան մեկնի Ռուսաստանի Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան, և այնտեղ՝ ռազմաբազայի տարածքում, դատի զինվոր Պերմյակովին:
Քանի որ հայ ժողովուրդը, ըստ էության, պահանջում է ամենախիստ պատիժ, իսկ ռուս ժողովուրդը չի գտնի մանկասպանին պաշտպանելու խոսքեր, ուստի և անհրաժեշտ է զանգվածային մարդասպանին դատապարտել առավելագույն պատժի՝ հաշվի առնելով հատուկ վտանգավորության հանցանքները:
Քանի որ հանցանքը կատարվել է այլ պետության տարածքում, կարելի է հաղթահարել մահապատժի մորատորիումը և դատավճիռն իրագործել հենց բազայի տարածքում՝ Հայաստանի կառավարության ու հասարակության ներկայացուցիչների ներկայությամբ»: