
ԵՄ-ը կարող է մեծ օգուտ ստանալ Թուրքիայի անդամակցությունից. Վոլքան Բոզքըր

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ ԵՄ-ը կարող է «մեծ օգուտ» ստանալ Թուրքիայի անդամակցությունից.
«Ի տարբերություն ԵՄ-ի անդամ հանդիսացող մի շարք երկրների, Թուրքիայի տնտեսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Բացի այդ, Թուրքիայում կայուն իրավիճակը շատ ավելի լավ մակարդակի է, քան՝ մի շարք երկրներում: Կարևոր գործոններից է նաև թուրքական բանակի բարձր պատրաստվածությունը»:
Հիշեցնենք, որ Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:
Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը: