
Քրդերն էլ են դերակատարություն ունեցել Հայոց ցեղասպանության հարցում. Սելահաթթին Դեմիրթաշ

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իրենք ընդունում են Հայոց ցեղասպանության եղելությունը: Դեմիրթաշն այդ հայտարարությունն արել է CNN Türk հեռուստաալիքի եթերում.
«Մենք անվարան ընդունում ենք, որ իրականացվել է Հայոց ցեղասպանություն: Այդ ցեղասպանության մեջ դերակատարություն են ունեցել նաև քրդերը, բոլորն էլ դեր են ունեցել: Սակայն քաղաքական որոշում կայացնողը եղել է «Իթթիհաթ վե Թերաքքին» («Միություն և առաջադիմություն» կուսակցություն)՝ Էնվեր և Թալեաթ փաշաների գլխավորությամբ:
Եթե դուք տեր եք կանգնում Օսմանյան ողջ ժառանգությանը, ապա տեր կանգնեք նաև դրան: Անգամ եթե այդպես չէ, առերեսվեք այս ցավի հետ»:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններից առաջ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել էր, որ եթե ընտրվի Թուրքիայի նախագահ, ապա կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դեմիրթաշն ընտրությունների արդյունքներով հավաքել էր քվեների մոտ 10 տոկոսը: