10-ամյա ընդմիջումից հետո վրացական կանաչեղենը վերստին կարտահանվի Ռուսաստան

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը նախորդ շաբաթ իր սահմաններն է բացել Վրաստանից կանաչեղենի (սամիթ, մաղադանոս և այլն) մատակարարումների առջև, որոնց վրա արգելք էր դրվել 10 տարի առաջ: Այս մասին նշված է Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) տարածած հայտարարությունում:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Россельхознадзор-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի ու Վրաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդական Զուրաբ Չեկուրաշվիլու միջև բանակցությունների արդյունքներով: Բացի այդ, դիտարկվում է ձկնամթերքի, մեղրի, արևածաղկի ու եգիպտացորենի մատակարարման հարցը:

Դանկվերտն ընդգծել է, որ 2014 թվականին Ռուսաստանի ու Վրաստանի միջև գյուղատնտեսական արտադրանքի շրջանառության ծավալը հասել է 200 միլիոն դոլարի:

2013 թվականին Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) թույլատրել է վրացական «Բորժոմի» հանքային ջրի մատակարարումները (արգելքը գործել է 2006 թվականից):

Այն ժամանակ սահմանը բացվել էր նաև Վրաստանի 90 տեսակի գինու ու կոնյակի ներկրման համար: Россельхознадзор-ը Վրաստանից կանաչեղենի ներկրման վրա արգելք է դրել 2005 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս