Բորիս Նավասարդյանը՝ «օրենքով գողերի» հավաքի և Գյումրիի ողբերգական դեպքի մասին

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցան բացասական իրադարձություններ, որոնք տարբեր երկրների ուշադրությունը գրավեցին՝ բացասական առումով.

«Եթե 2014թ. իրադարձությունները դնենք մի կողմ և խոսենք միայն 2015-ին տեղի ունեցածի մասին, ապա առնվազն երկու իրադարձություններ բացասական ընկալվեցին աշխարհի կողմից:

Մեկը «օրենքով գողերի» հավաքն էր, որն, ըստ որոշ տեղեկությունների՝ տեղի ունեցավ Հայաստանում: Այդ հավաքներին միանշանակ արվեստի մասին չէին խոսելու, այլ հանցագործությունների կազմակերպման: Իսկ տարբեր պետությունների ղեկավարներ ստացել են այդ հավաքի մասին տեղեկությունը և որոշ չափով նկատի են ունեցել:

Հարցն այստեղ այդ հավաքը չէ, այլ պատկան մարմինների վերաբերմունքը դրա նկատմամբ:

Կարդացեք նաև

Մյուսը՝ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ մեր իշխանությունների պահվածքն է, որը նույնպես լուրջ կասկածներ է առաջացնում: Անկախ նրանից, թե  ինչպիսի հակասություններ կան հայ-ռուսական համաձայնագրում՝ կապված ռուսական այդ ռազմակայանի կարգավիճակի և Ռուսաստանի Սահմանադրության հետ, ինչո՞ւ չի եղել պաշտոնական առաջարկ մեր իշխանությունների կողմից, որպեսզի գործի քննությունն իրականացնեն հայկական մարմինները:

Միայն եղել է մեր դատախազի խոստումը, որ ինքն այդ թեմայով զրուցելու է Ռուսաստանի դատախազի հետ, բայց մենք չգիտենք՝ այդ զրույցը տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Ամեն ինչ պետք է պաշտոնական մակարդակով արվեր, եթե դա չի արվում, ապա շահագրգռված կողմը, որն այստեղ ունի լուծելու հարց, միջազգային հանրության աչքերում հանդես է գալիս որպես ոչ համարժեք պետություն»:

Բանախոսը նկատեց, որ աշխարհի ուշադրությունը գրավելուց է կախված Ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն ու դրանց վրա միջազգային հանրության ազդեցությունը.

«Եթե այդ ուշադրությունը թուրքական նախաձեռնության պատճառով նվազում է, ուրեմն՝ մենք նոր դժվարություններ ենք ունենում: Բացի նրանից, որ մենք մեզ պետք է դրսևորենք որպես ինքնասիրություն ունեցող, ինքնիշխանության համար մտածող պետություն, պետք է նաև աշխարհում որոշակի քարոզչություն կատարելու աշխատաքներ արվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս