Արևմուտքի հաջորդ պատժամիջոցը կարող է դառնալ ռուսական բանկերը SWIFT համակարգից անջատելը. Չառնեցկի
Gordonua.com-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չառնեցկին հայտարարել է, որ ռուսական կողմը շատ ցավագին է ընդունել Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու մասին առաջարկը:
Չառնեցկին հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից պատերազմը շարունակելու դեպքում ռուսական ռուբլին կարող է մասնակի կամ ամբողջովին դառնալ ոչ փոխարկելի արժույթ.
«Ռուսաստանը պետք է իմանա, որ դա է մեր հաջորդ պատժամիջոցը, որն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից կարող է սպասել նրան: Ռուսական կողմը շատ ցավագին է ընդունել Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու մասին առաջարկը, որովհետև դա կարող է հանգեցնել Ռուսաստանի համար բացառապես բացասական հետևանքների: Կա ասացվածք, որ ատոմային զենքի առավելությունն այն է, որ այն չի կարելի օգտագործել, և որ դրանով կարելի է միայն սպառնալ»:
Ավելի վաղ ռուսական «ՎՏԲ» բանկի ղեկավար Անդրեյ Կոստինն Արևմուտքին զգուշացրել է ռուսական բանկերը չբացառել SWIFT միջազգային վճարային համակարգից. «Իմ անձնական կարծիքով՝ այդօրինակ պատժամիջոցի սահմանումը կնշանակի պատերազմ»: