Ոճրագործները գործել են քաղաքական թելադրանքի ներքո. Զ.Փոստանջյանը՝ Գյումրիում կատարված սպանության մասին
Գյումրիում ընտանիքի 6 անդամների դաժան սպանության ոճրագործները գործել են քաղաքական թելադրանքի ներքո: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ հանցանքը կենցաղային լինելու դեպքում որևէ խնդիր չէր լինի հանցագործին փոխանցել ՀՀ իրավապահներին և հայ հանրությունը տեսներ թափանցիկ դատավարություն:
«Ակնհայտ է, որ այստեղ կա խնդիր խեղաթյուրելու ու թաքցնելու, և նրանք դա են փորձում անել: Եթե նույնիսկ կան խնդիրներ, որ խոսում են ռազմաբազայի ծառայողների ապօրինությունների վերաբերյալ, որ ճչացող են լինելու, ճիշտ է, որ հրապարակայնացնեն, ճիշտ է, որ գան հայ ժողովրդից ներողություն հայցեն և իրավունքի խախտումը վերացնելու համար փոխանցեն նրան հայկական կողմին»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Ըստ նրա՝ ոճրագործությունից հետո տեղի ունեցած դեպքերը Մայդանի մասին չեն խոսում, քանի որ ցույցերի մասնակիցները մեծ մասամբ երիտասարդներ էին, որոնք տարվա մեծ մասն աշխատում են Ռուսաստանում. «Մայդանի խնդիր չկար, բողոքն իրավաչափ էր, բոլորը գիտակցում էին, որ ոտնահարվել է ՀՀ Սահմանադրությունը և նման պարագայում, ոչ թե որ իրավախախտը փորձել էր սահմանը խախտել, պետք է փոխանցվեր ռազմաբազայի ներկայացույցիչնրին, այլ սպանության հանցանքի համար պետք է փոխանցվեր ՀՀ իրավապահ մարմիններին: Բոլորը հասկանում են, որ դա տեղի է ունեցել ապօրինի»:
Հարցին՝ արդյոք կա՞ր սադրանք, պատգամավորը պատասխանեց. «Սադրանքն ի՞նչն է: Երբ քո պետության ներկայացուցիչները պաշտոնապես չեն հայտարարում սուգ, երբ քո վարչապետը, քաղաքապետը, ոստիկանապետը, ազգային անվտանգության պետը… Պետեր, այս ցավի, խուճապի ժամանակ չեն գտնվում գյումրեցու կողքին, այս դեպքում սադրանքը ո՞ւմ կողմից է: Ես գտնում եմ, որ մեր պետական այրերը դրսևորել են անթույլատրելի անգործություն՝ չգտնվելով այնտեղ և չձեռնարկելով միջոցներ: Մենք մերոնցից էլ պաշտոնական ժողովրդի կողքին լինելու վարքագիծ չենք տեսել և դա, իհարկե, շատ հսկայական, արդարացի զայրույթի տեղիք է տալիս»:
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ ինքնիշխանությունը ոտնահարելու փորձերը անընդհատ են, օրինակ, 2013թ-ին գազի պայմանագրի քվեարկության ժամանակ:
«Սա եղեռնագործ ձեռագրով ուղերձ էր: Պետք է բոլորս սթափվենք, ոչ մեկը ապահովագրված չէ նման եղեռնագործությունից՝ անկախ թե ինչ պաշտոն է զբաղեցնում»,- ասաց նա:
ՌԴ կողմից վարքագծի փոփոխություն, պատգամավորի կարծիքով, կարող ենք նկատել միայն այն դեպքում, երբ հանցագործին հանձնեն ՀՀ իրավապահներին. «Մնացած այլ դեպքերում, ես համոզված եմ, որ ՌԴ-ն խնդիր ունի կոծկելու ինչ-որ հանգամանքներ, որ չի ցանկանում հրապարակային քննարկման առարկա դարձնել: Հայտարարությունները, որ սա ուղղակի կենցաղային սպանություն էր, անհիմն են: 9 տարի իմ փաստաբանական գործունեության ընթացքում ես մասնակացել եմ նաև սպանության գործերի, և գիտեք, այդքան հեշտ չէ, որ ջուր խմելու պատրվակով վախ ունեցող մարդը կարող է կոտրել մեկի տան պատուհանը: Նա պարզապես ջուր չի ուզեցել, խնդրանքով չի գնացել այդ տուն: Նա հանցագործություն գործելով է մտել և գործ ունենք ոչ թե պաշտոնական վարկածի, այլ լրիվ այլ վարկածի հետ»:
Զ.Փոստանջյանը նշեց, որ վարձու մարդասպանի էությունը կարելի է ուսումնասիրել, արդյոք նա կարո՞ղ է դանակահարել-մորթել երեխային: Պատգամավորի համոզվածությամբ՝ այստեղ եղեռնագործի ձեռագիր է, որ երեք սերունդ է վերացրել՝ տատիկ-պապիկի, երիտասարդների ու երեխաների. «Դանակով հարվածելը եղեռնագործի ձեռագիր է: Այն, որ ասում են ինքը խնդիր է ունեցել իր զորամասում, բայց այդ դեպքում նա ում հետ որ խնդիր ուներ, նրանցից կփորձեր իր վրեժը վերցնել, նրանց նկատմամբ բռնություն կգործեր: Վախեցած մարդը չի փորձի մտնել անծանոթի տուն, պատուհան կոտրի ու ջուր խմի: Վախեցած մարդը ծարավ կմնա ու ջրի պահանջը չի գիտակցի: Եթե իրոք որոշել էր փախնել իր զորամասից, ինչո՞ւ պետք է գնար քաղաքի կենտրոն, որտեղ բնակչությունը շատ է: Նա կգնար սահման՝ փախուստի դիմելու համար: Եվ հետո զենքն ինչո՞ւ էր թողել»:
168.am-ի հարցին, թե թուրքական ուժերի հետ համագործակցության վարկածը հավանական է համարո՞ւմ, Զ.Փոստանջյանը նշեց, որ միայն այն փաստը, որ այդ անձին առևանգել և տարել են ապօրինի, և իրենք են ցանկանում քննությունն անել, այստեղ արդեն կան շատ խնդիրներ. «Նրանք պարատավոր են հարգել մեզ: Ի՞նչ ունեն թաքցնելու: Թե հիմա ո՞ր շահագրգիռ շրջանակի համար է այդ ոճրագորությունը, ես այս պահին չեմ կարող ասել: Մենք պետք է քննություն անենք, որ պարզենք: Բայց հիմա մեր ձեռքերը կապված են, ոչ մի իրավազորություն չունենք ու չենք կարող քննություն կատարել: Ուր էլ ուզում է տանեն թելերը, եթե տանում են ինչ-որ մի տեղ, հետևաբար, ռազմաբազայի ներկայությունը հսկայածավալ սպառնալիք է հայ ժողովրդի համար: Այնքան անկառավարելի են այդ ռազմաբազայում իրավահարաբերությունները, այնքան անկառավարելի է այդ ռազամբազայի ղեկավարությունը, որ նա կարող է կաշառվել ցանկացած ուժի կողմից և մեզ համար արդեն սպառնալիք է: Հայկական իշխանությունները հստակ պահանջներ պետք է դնեն, որ այս խայտառակ վիճակը գոնե դադարի: Հետո չգիտեմ ինչ գնահատականներ կտրվեն»: