Մենք պետք է հստակ ձևակերպենք, թե ինչ ենք պահանջում աշխարհից. Զարուհ Փոստանջյանը՝ իր ներկայացրած օրինագծի մասին

«Մենք պետք է հետապնդենք մեր շահը, մեր տարածքները: Մենք այսօր հասկանում ենք, որ 100 տարի առաջ օսմանաբոլշիկյան գծած սահմանը օրինական չէ: Մենք պետք է ճանաչենք, մեր մեջ առաջինը օրենքով պետք է հստակ ձևակերպում տանք, թե ինչ ենք պահանջում աշխարհից ու որն է մեր իրավունքի ճանաչումը: Ազգային անվտանգութան հարցը չի կարող լինել մեկ տարվա համար, պետք է նայել 100 տարի առաջ ու դրա մեջ պետք է լինի այս բաղադրիչը: 25 տարի առաջ ամրագրեցինք, որ հետամուտ ենք Ցեղասպանության ճանաչմանը, բայց միայն այդ խնդիրը չէ: Մեզ ենթարկել են Ցեղասպանության՝ հայրենազրկելու համար, և մենք այժմ պետք է վերացնենք դրա հետևանքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ներկայացնելով իր մշակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնoրրանի Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նրա՝ նախ պետք է օրենքի ուժով ճանաչես քո իրավունքը, ապա լծվես դրա իրացմանը: Զ. Փոստանջյանը նշեց, որ աշխարհի քարտեզը փոփոխվում է, չպետք է անտեսել քուրդ ժողովրդի պետականության ստեղծման հարցը, և մենք էլ մեր պահանջները պետք է դնենք. «Սա մեր արտաքին անվտանգության և ազգային անվտանգության բաղադրիչներից մեկը պետք է լինի: Մենք պետք է վերացնենք Ցեղասպանության հետևանքները և ամենակարևորը հայրենիքի վերադարձման հարցը լուծենք»:

Թե ԱԺ մեծամասնությունը ի՞նչ գնահատական կտա, ըստ պատգամավորի, պետք է սպասել, բայց եթե նույնիսկ ԱԺ-ն փորձի մերժել, ապա դա չի նշանակում, որ այդ հարցը չպետք է լինի ժողովրդի օրակարգում և ազգային անվտանգության բաղադրիչ:

Հարցին, թե արդյոք օրինագիծը զուտ խորհրդանշական բնույթ չի՞ կրի, ի՞նչ կիրարկություն կարող է ունենալ, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ նախ պետք է մենք հասկանանք, թե մենք ով ենք, և պետք է տրվի պաշտոնական ընթացք: Նրա խոսքով՝ 1988թ. Գերագույն խորհուրդը որոշեց Հայաստանին միացնել Արցախն ու Շահումյանի շրջանը և այն ժամանակ նախապատրաստում էին ժողովրդին: Զ. Փոստանջյանը նշեց, որ այժմ մենք էլ պետք է նախապատրաստենք ժողովրդին, քանի որ տարածաշրջանի քարտեզը դեֆորմանում է. «Պետք է հասկանանք, որ հազարամյակներ այս հողը մեզ է պատկանում, այստեղ շատերը կարող են գալ ու գնալ: Մենք չգիտենք, թե ՌԴ-ն մի քանի տարի հետո ինչ տարածքներով է լինելու: Չենք իմանում, թե ՌԴ-ն՝ իր վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում ինչքան դաշնակիցներ է կորցրել: Մենք չգիտենք, թե ՌԴ-ն մի օր այստեղից ինչպես կգնա ու պետք է նախապատրաստենք դրան ժողովրդին: Այս օրինագիծը դրան է միտված»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս