Թուրքիայի նախագահն առաջին անգամ նախագահում է կառավարության նիստում
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունն առաջին անգամ հավաքվում է նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահության ներքո:
Ուղիղ քվեարկության ճանապարհով ընտրված առաջին նախագահ Էրդողանը առաջին անգամ գումարում է կառավարության նիստ՝ քննարկելու համար նախագահի աշխատակազմի ու կառավարության միջև աշխատանքի համակարգման հարցերը:
Չնայած հասարակության որոշակի հատվածի դժգոհությանը՝ Սահմանադրության 104-րդ հոդվածն ընձեռում է անհրաժեշտության դեպքում կառավարության նիստ գումարելու իրավունք, թեև Թուրքիան խորհրդարանական հանրապետություն է:
Այդ մասին հայտարարել է նաև ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին. «Սակայն եթե այդ իրավունքն օգտագործվում է որպես կառավարման ձևի փոփոխման ուղղությամբ քայլ, ապա դա վիրավորանք է վարչապետի ու խորհրդարանի համար»:
Կառավարության նիստն անցկացվելու է Էրդողանի «Սպիտակ պալատ» նստավայրում: Դրանում կորոշվի նաև այն, թե հետագայում նախագահը որքան հաճախ կգումարի կառավարության նիստեր: Դիմելով նախարարներին՝ Էրդողանը հայտարարել է. «Մենք կավելացնենք ձեր հզորության ուժը»: