Իրաքյան գազը կարող է համաշխարհային շուկաներ դուրս գալ Թուրքիայի տարածքով
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն Իրաք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ու Իրաքը մտադիր են ընդլայնել տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները:
Յըլդըզը հայտարարել է, որ Իրաքի պաշտոնատար անձանց հետո հանդիպումներում քննարկվել են Անկարայի ու Բաղդադի երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Յըդըզն ընդգծել է, որ Թուրքիան ու Իրաքը պլանավորում են կառուցել համատեղ գազամուղ:
Յըլդըզը հավելել է, որ Թուրքիան ու Իրաքը մտադիր են մեծացնել երկկողմ ապրանքաշրջանառությունը: Նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիա այցելեց Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին և հայտարարեց, որ Իրաքը շահագրգռված է Թուրքիայի տարածքով իր նավթի արտահանմամբ:
Ընդգծվում է, որ իրաքյան նավթից բացի, Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկաներ կարող է տեղափոխվել նաև իրաքյան գազը: Թուրքիան նաև պլանավորել է արդյունաբերական գոտի հիմնել Իրաքում: