
Քրդամետ կուսակցությունը երթի միջոցով Ստամբուլում հարգել է Հրանտ Դինքի հիշատակը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) երեկ կազմակերպել է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակի երթ, ով սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում:
Երթի մասնակիցներն իրենց հետ ունեցել են մի շարք պաստառներ և հանդես են եկել «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Ոչ ֆաշիզմին», հայ-քրդական եղբայրության և այլ կարգախոսներով: Երթին մասնակցել է մոտ 50 մարդ: Նրանք Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակից շարժվել են դեպի «Ակօսի» խմբագրատուն:
Երթի մասնակիցները պահանջել են արդարություն՝ հիշեցնելով, որ Դինքի սպանությունը տեղի է ունեցել 8 տարի առաջ, սակայն տվյալ գործով դատավարությունը դեռ ավարտված չէ: