
Իրանն Իրաքում գործող զինյալների համար «կարմիր գիծ» է սահմանել 40 կիլոմետր հեռավորությունը

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կենտրոնացած 33-րդ հրետանային ստորաբաժանումը տեղափոխվել է Իրաքի սահման: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տվյալ ստորաբաժանման ղեկավար Ազեր Աֆրուզը:
Նա մանրամասնել է, որ դա կապված է «Իսլամական պետության» զինյալների կողմից Իրան-իրաքյան սահմանին մոտենալու հետ: Աֆրուզն ընդգծել է, որ եթե զինյալները 40 կիլոմետրից ավելի մոտենան Իրանի սահմանին, ապա կհայտնվեն իրենց թիրախում: Աֆրուզի խոսքերով՝ զինյալներն Իրանի սահմանին մոտեցել են 48 կիլոմետր, սակայն ավելի առաջ գնալ չեն համարձակվել:
Աֆրուզը հայտարարել է, որ Իրանն «Իսլամական պետության» զինյալների համար «կարմիր գիծ» է սահմանել 40 կիլոմետրը՝ հիշեցնելով, որ զինյալները գրավելով Մոսուլը, կտրել են Իրանը Սիրիայի հետ կապող ճանապարհը: