
Արևմտյան նոր պատժամիջոցների դեպքում Իրանը կվերսկսի ուրանի անսահմանափակ հարստացումը. Լարիջանի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին երեկ հայտարարել է, որ Իրանը կարող է վերսկսել ուրանի անսահմանափակ հարստացումը, եթե արևմտյան երկրները նոր պատժամիջոցներ սահմանեն Թեհրանի դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ սենատում մեծամասնություն ձեռք բերած հանրապետականները և մի շարք դեմոկրատներ պատրաստվում են ընդլայնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթը:
Լարիջանին հայտարարել է, որ եթե դա տեղի ունենա, ապա Իրանը կշարունակի յուրաքանչյուր մակարդակով ուրահ հարստացնելու իր գործողությունները: Նրա խոսքերով՝ արևմտյան երկրներն այդ հարցի շուրջ չպետք է «սակարկության» մեջ մտնեն Իրանի հետ և փոխարենը պետք է ճիշտ ձևով օգտագործեն հնարավորությունները:
Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է հունվարի 18-ին: