Պարույր Հայրիկյան. «2015 թվականը մի մեծ փոփոխություն կարող է առաջացնել աշխարհի կյանքում»
«Ե՛վ 2013, և՛ 2014, և՛ 2015 թվականներին մեր ժողովրդի առջև ծառացած հիմնական խնդիրը մեզ պարտադրված հակաքաղաքակրթական ուղուց ձերբազատվելն է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով 2015թ.-ին սպասվող մարտահրավերներին և քաղաքական առաջնահերթություններին:
Որոշակիացնելով հնչեցրած տեսակետը՝ Պ. Հայրիկյանն ասաց, որ այսօր աշխարհը բաժանված է երկու հիմնական մոտեցումների. մի կողմում մարդու իրավունքը բարձրագույն արժեք համարող երկրներն են, մյուս կողմում՝ քրեական մտածողության տեր ուժերի ձգտումները. դրանք, ըստ Հայրիկյանի, կարող են լինել ահաբեկչական, մեծապետական, կայսերապաշտական, բայց դրանք ի վերջո ուղղված են քաղաքակրթության և մարդու իրավունքների դեմ.
Ըստ նրա՝ 2015 թվականը մի մեծ փոփոխություն կարող է առաջացնել աշխարհի կյանքում. արևմտյան արժեքների հետևորդ պետություններն այս տարի կարող են մի վճռական քայլ ևս կատարել, այսինքն՝ միասնական տնտեսական գոտի ստեղծվի ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև: Այդ քաղաքակրթական առաջնորդությանը հակադրվողները, ըստ ԱԻՄ առաջնորդի, կհայտնվեն շատ ծանր վիճակում.
«Այս միավորման կայացումից հետո արևմտյան քաղաքակրթության տնտեսական հզորությունը 20 անգամ կգերազանցի դեռևս ինչ-որ մակարդակ պահպանող պուտինյան տնտեսությանը: Սա առավել ևս ստիպում է ցավել, որ մենք զրկվեցինք 700 միլիոնանոց շուկայից՝ իբր թե ստանալով 170 միլիոնանոց շուկա: Սա մեր հիմնական խնդիրն է, և մնացած ինչի մասին էլ որ խոսենք՝ տեղում իշխանափոխության, կոռուպցիայի և այլն, դրանք բոլորը տասներորդական խնդիրներ են այն բանի համեմատությամբ, որ մեր ժողովրդին պարտադրվեց ինչ-որ հարաբերություններ հաստատել ինչ-որ Եվրասիական տնտեսական միաության հետ»: