Մոհամեդ Ալին վերստին հոսպիտալացվել է
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին, ով հիվանդանոցից դուրս է գրվել հունվարի 7-ին, վերստին հարկադրված է եղել վերադառնալ հոսպիտալ՝ շարունակելու համար միզուղիների վարակի բուժումը:
Ընդ որում՝ Ալին հուսով է, որ իր ծննդյան 73-ամյակը (հունվարի 17) կնշի տանը՝ իր ընտանիքի հետ: Մարզիկը թոքաբորբի պատճառով հոսպիտալացվել է նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին, սակայն ավելի ուշ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են միզուղիների վարակ: Հայտնի չէ, թե որ կլինիկայում է գտնվում Ալին:
Բռնցքամարտիկը 1984 թվականից տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ: Մոհամեդ Ալին աշխարհի ամենատիտղոսակիր ու ճանաչված մարզիկներից մեկն է: Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հանդես է եկել ծանր քաշային կարգում:
Նա հանդիսանում է 1960 թվականի օլիմպիական չեմպիոն, ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978) և հինգ անգամ ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»: Իր մարզական կարիերայի ընթացքում Ալիի հաշվին գրանցված է 61 մարտ, որոնցից 56-ում նա հաղթել է՝ դրանցից 37-ը նոկաուտով: