
Հուսով ենք, որ Ուկրաինան հետագայում նույնպես կհանդիսանա ռուսական գազի տարանցիկ երկիր. Դավութօղլու

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ ռուսական գազի հետագա տարանցմամբ. «Հուսով ենք, որ Ուկրաինան հետագայում նույնպես կհանդիսանա տարանցիկ երկիր»:
Դավութօղլուն Բրյուսելում նման կերպ է մեկնաբանել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պլանավորում է դադարեցնել Ուկրաինայի տարածքով Եվրոպային գազ մատակարարելը և պատրաստվում է դա իրականացնել Թուրքիայի տարածքով:
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան նույնպես ռուսական գազ ստանում է Ուկրաինայի տարածքով: Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսությունն աճում է, և իրենք շահագրգռված են մեծացնել տարբեր երթուղիներով և մասնավորապես Ադրբեջանից ու Իրանից էներգակիրների մատակարարումը:
Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան լավ հարաբերություններ ու համագործակցության բարձր մակարդակ ունի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ: