
Կանխվել է Բելգիան «երկրորդ Փարիզի» վերածելու ահաբեկիչների փորձը. մամուլ

Բելգիական Nieuwsblad թերթի փոխանցմամբ՝ Բելգիայում երեկ սպանվել է երկու և ձերբակալվել է մեկ ահաբեկիչ, որոնք պլանավորել էին կազմակերպել ահաբեկչություններ, որոնք կարող էին վերածվել «երկրորդ Փարիզի»: Այս մասին թերթին հայտնել է Բելգիայի արդարադատության նախարարությունում նրա աղբյուրը:
Նրա խոսքերով՝ կանխված ահաբեկչական հարձակումը պետք է լիներ առավել մասշտաբային գործողության մասնիկը, որն ահաբեկիչները պլանավորել էին անմիջապես իրագործել երկրի մի շարք շրջաններում: Ոստիկաններն ահաբեկիչների մոտ հայտնաբերել ու առգրավել են զենք, պայթուցիկ նյութեր ու «Իսլամական պետության» մի քանի դրոշ:
Բելգիական ոստիկանության հատուկջոկատայինները երեկ գրոհ են ձեռնարկել Վերվիե քաղաքի կայարանի շրջանում, որի ժամանակ սպանվել է 2 և ձերբակալվել է 1 իսլամական: Բելգիացի իրավապահները հայտարարել են, որ իրենք ապացույցներ չունեն, որ նրանք կապ են ունեցել Փարիզում իրականացված հարձակումների հետ: