Աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը
Դուբայի (ԱՄԷ) միջազգային օդանավակայանը 2014 թվականի տվյալների համաձայն եղել է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը՝ փոխադրված օտարերկրացի ուղևորների թվով։ Ինչպես գրում է The Financial Times-ը, Դուբայի օդանավակայանն այս ցուցանիշով առաջ է անցել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից։
2014 թվականի ընթացքում Դուբայի օդանավակայանով թռիչք են իրականացրել 71 միլիոն օտարերկրացի ուղևորներ, Հիթրոու օդանավակայանով՝ 68.1 միլիոն։
Պատճառներից մեկն այն է, որ Հիթրոուի թռիչքային և վայրէջքի ուղիները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով և չեն բավականացնում ամբողջ ուղևորահոսքի համար։
«Հիթրոուն շատ փոխադրումներ է կորցնում՝ հօգուտ Դուբայի, քանի որ մենք ի վիճակի ենք սպասարկել այն ուղղությունները, որոնց համար Հիթրոուի հզորությունները չեն բավականացնում»- հայտարարել է Դուբայի օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Գրիֆիթսը։
Դուբայի առաջին տեղը ցույց է տալիս, թե ինչ արագ է աճել Emirates Airline ավիաընկերությունը՝ իր գոյության 30 տարիների ընթացքում։ Դուբայում հիմնված Emirates Airline-ին է պատկանում հեռավոր ուղղություններով թռչող ինքնաթիռների ամենամեծ պարկը։
Լոնդոնյան Հիթրոուն նախորդ տարվա ընթացքում սպասարկել է տեղացի և օտարերկրացի 73.4 միլիոն ուղևորների, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Լոնդոնյան մեկ այլ օդանավակայան՝ Գաթվիկը, սպասարկել է 38.1 միլիոն հոգու, ինչը նույնպես ռեկորդ է։
Լոնդոնյան օդանավակայանների գերծանրաբեռնվածությունը բացասաբար է ազդում թռիչքների ճշգրտության վրա։ Ժամանակացույցին թռիչքների փաստացի ժամանակի համապատասխանության ցուցանիշով Հիթրոուն աշխարհում զբաղեցնում է 111-րդ տեղը, Գաթվիկը՝ 139-րդ։ Հիթրոուից շուրջ 15 րոպե ուշացմամ են թռչում ինքնաթիռների 75.5%-ը, Գաթվիկից՝ 60.1%-ը։