Ռուս պատգամավորները պահանջել են քրեական գործ հարուցել Խոդորկովսկու նկատմամբ
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ` ռուս պատգամավորները կարծում են, որ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին տնօրեն Միխայիլ Խոդորկովսկին վիրավորել է Ռուսաստանի բնակիչների մեծ մասի կրոնական զգացմունքները:
Այն բանից հետո, ինչ Փարիզում ահաբեկիչների հարձակմանը ենթարկվեց Charlie Hebdo-ի խմբագրատունը, Խոդորկովսկին անմիջապես ԶԼՄ-ներին կոչ արեց հրապարակել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:
Ռուս պատգամավորները Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեից պահանջում են անցկացնել ստուգում ու Խոդորկովսկու նկատմամբ հարուցել քրեական գործ` երկու հոդվածով: Խոսքը գնում է 282-րդ հոդվածի («Ատելության կամ թշնամանքի բորբոքում») և 148-րդ հոդվածի («Խղճի ու դավանանքի ազատության իրավունքի խախտում») մասին:
Միխայիլ Խոդորկովսկին չի մեկնաբանել իր դեմ քրեական գործ հարուցելու մասին պատգամավորների պահանջը: Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Խոդորկովսկուն որակել է որպես բոլոր մուսուլմանների ու իր անձնական թշնամի: