Մահացել է Վահե Շահինյանը
Հունվարի 9-ին Դամասկոսի հիվանդանոցներից մեկում, սրտի տագնապից մահացել է Միջինարևելյան լուսանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող սիրիահայ ճանաչված լուսանկարիչ Վահե Շահինյանը, որի լուսանկարչատունը Դամասկոսի հնագույն արհեստանոցներից մեկն է և գտնվում է Հիջազի պատմական կայարանի կողքին:
Բազմաթիվ զբոսաշրջիկների համար տասնամյակներ շարունակ ծանոթ վայր է եղել «Քասր Ալ Շարք» պատմական հյուրանոցի մոտ գտնվող ժպտուն հայի հնագույն լուսանկարչատունը:
Վահե Շահինյանի լուսանկարները երկար տարիներ օգտագործվել են Սիրիայի զբոսաշրջության նախարարության կողմից, իբրև Սիրիան լավագույնս ներկայացնող լուսանկարներ, տպագրվել են ալբոմների, կատալոգների և զբոսաշրջային գրքույկների մեջ:
Վահե Շահինյանը լուսանկարել է Դամասկոսի, Հալեպի և Սիրիայի բոլոր պատմական վայրերը, որոնց մեծ մասն այսօր արդեն անցյալ են, և դրանց ամբողջական պատկերները պահպանվել են Վահե Շահինյանի՝ արդեն պատմական դարձած լուսանկարներում:
2012 թվականին Վահե Շահինյանը հալեպյան անցյալի պատկերները ներկայացնող լուսանկարների շարքով անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանում, որը մեծ ընդունելության է արժանացել մանավանդ Հայաստանում բնակվող հազարավոր սիրիահայերի կողմից, որոնք Վահեի լուսանկարներում տեսել են շեն ու կանգուն Հալեպն ու հուզմունքի պահեր ապրել: Ցուցահանդեսի բացումը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Խորհրդային տարիներին նա լուսանկարել է նաև Հայաստանն ու հայկական պատմական վայրերը և դրանք ներկայացրել սփյուռքում: Զբաղվել է նաև գեղարվեստական լուսանկարչությամբ:
Վահե Շահինյանը Սիրիայի պատերազմի առաջին տուժողներից է եղել. պատերազմի սկզբնական օրերին նրա բնակարան են ներխուժել զինվորներ, և թալանելով ունեցվածքը՝ կայք հաստատել այնտեղ: Այդ հանգամանքը շատ ծանր է ազդել լուսանկարչի վրա: Շահինյանները, Սիրիայի պատերազմից հետո որոշ ժամանակ բնակվում էին Երևանում:
Վահե Շահինյանի երևանյան ցուցահանդեսի լուսանկարները՝ 168.am-ի