
Ստեփանակերտում ուռուցքաբանական կենտրոն կկառուցվի

Տարեսկզբին Ստեփանակերտում կսկսվի ուռուցքաբանական կենտրոնի շինարարությունը, որի ֆինանսավորումը հաստատված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից։
Այս մասին «Ազատ Արցախ» թերթի հետ զրույցում ասել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ հավելելով որ կենտրոնի կառուցումը ոլորտի հերթական ու ազդեցիկ քայլերից մեկն է լինելու։
«Բոլորս ենք քաջատեղյակ, թե Արցախում և աշխարհում ինչքան են տարածվել սիրտ¬անոթային և ուռուցքային հիվանդությունները։ Նույնիսկ զարգացած երկրներում ինչքան տեխնոլոգիաներն արդիականանում են, դեղորայքն ավելի արդյունավետ դառնում, միևնույն է, մահվան ելքով այդ հիվանդությունները գլուխ են բարձրացնում»,-ասել է Հ. Քուշկյանը:
Ուռուցքաբանական կենտրոնը կկառուցվի Հանրապետական բժշկական կենտրոնին հարող տարածքում։ Արդեն հաստատված է ճարտարապետական նախագիծը։ Ծրագիրն ըստ նախարարի, համալիր է, որովհետև նախատեսվում են ոչ միայն շինարարական աշխատանքներ, սարքավորումների ձեռքբերում, այլև հիվանդի մեկ տարվա թանկարժեք դեղորայքի ապահովում, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում արտասահմանում (2 բժիշկ, 2 բուժքույր)։
«Հուսով եմ, որ շատ արագ կկառուցենք այս կենտրոնը, որը լուրջ քայլ կլինի Արցախի առողջապահական համակարգի զարգացման գործում։ Իհարկե, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամեր լինում են, բայց մենք պետք է կարողանանք մեր փորձը, հմտությունները, հնարավորություններն արդյունավետ օգտագործել։ Դժվար ժամանակաշրջաններում ևս պետք է փորձենք ոլորտն առաջ տանել։ Կարծում եմ, կկարողանանք լուծել ծառացած խնդիրները և ապահովել համակարգի արագ զարգացումը»,-ասել է ԼՂՀ առողջապահության նախարարը և ավելացրել, որ, քանի որ ոլորտը դինամիկ զարգացող է, միշտ պետք է առաջ ընթանալ։
Մանրամսաները կարող եք կարդալ սկզբնաղբյուրում: