«2015-ին թելադրողը սոցիալ-տնտեսական խնդիրներն են լինելու». Արամ Կարապետյան
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ 2014 թվականի Հայաստանի կարևորագույն ձեռքբերումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությունն էր:
168.am-ի հետ զրույցում խոսելով այս տարվա կորուստների մասին՝ նա նշեց, որ դրանք միշտ էլ նույնն են՝ «տնտեսության անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը, սկսած ադրբեջանական զինուժի կողմից Ղարաբաղի ռազմական ուղղաթիռի խոցման դեպքից և վերջացրած այն ամենով, ինչ միշտ էլ լինում է, այսինքն՝ ոչ էֆեկտիվ պետությանը հատուկ գործառույթներ»:
2015 թվականից ի՞նչ ակնկալիքներ ունի Արամ Կարապետյանը: Ըստ նրա՝ եթե տնտեսական վիճակն աշխարհում գնալով վատթարանա, ուրեմն՝ սպասելիքներն այնքան էլ լավը չեն լինի. «Կարծում եմ՝ տնտեսական անկումը կշարունակվի, սոցիալական իրավիճակն էլ բավականաչափ կսրվի, չեմ կարծում, որ 2015 թիվն այդքան տարբեր է լինելու»:
2015թ. հունվարի 2-ից Հայաստանը կլինի ԵՏՄ կազմում, այդ տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
«Այն ժամանակ, երբ մենք ընդունվում էինք ԵՏՄ, իրավիճակն աշխարհում մի քիչ այլ էր՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական իմաստով: Ես համոզված եմ, որ հետագայում, իհարկե, իրավիճակի լավացում կլինի, քանի որ մեծ շուկա է ստեղծվում, բայց կարծում եմ՝ հիմա վիճակը մի քիչ ավելի վատ է, դրա համար այժմ միության մեջ մտնելով՝ լավացման միտումները, որ մենք ունեինք, մի քիչ կդանդաղեն»:
Խոսելով 2015 թվականին սպասվող ներքաղաքական զարգացումների մասին՝ Ա. Կարապետյանը նշեց, որ կարծում է՝ ներքաղաքական կյանքում թելադրողն ավելի շատ կլինի սոցիալ-տնտեսական վիճակը, ոչ թե քաղաքական, որովհետև, ըստ նրա՝ քաղաքական պահ չկա.
«Միակ բանը, որ կարող է քաղաքական առումով լինել՝ դա սահմանադրական բարեփոխումների խնդիրն է, որի անցկացումը, իմ կարծիքով, չափազանց բարդ և սխալ գործընթաց է լինելու»:
Արդյոք 2015թ. հնարավո՞ր են արտահերթ ընտրություններ, իշխանափոխություն: Ա. Կարապետյանը դժվարացավ այս իմաստով կանխատեսումներ անել.
«Սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարանում է, և դժվար է ասել, թե դրա հիման վրա ինչ տեղի կունենա: Ամեն ինչ հնարավոր է, նայած՝ որքան այդ ամենը կբարդանա: Դրա համար ես նշեցի, որ թելադրողը լինելու են սոցիալ-տնտեսական խնդիրները»:
Իսկ Նոր տարվա կապակցությամբ Ա. Կարապետյանը հայ ժողովրդին համբերություն է մաղթում.
«Կարևորագույն բանը հիմա, որ պետք է լինելու՝ համբերությունն է և պատկերացումը, որ նոր Հայաստան է պետք իսկապես, նոր՝ ամեն առումներով, ես կողմնակից եմ, որ 2015-ը դառնա կառավարման ամբողջությամբ փլուզման տարի»:
Անի Քեշիշյան