«2015 թվականը կլինի ավելի բարենպաստ և արդյունավետ». ՀՀԿ-ական պատգամավոր
«Անցնող տարին լավն էր՝ իր բոլոր թերություններով և դժվարություններով հանդերձ»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Ըստ նրա՝ այս տարի մենք կարողացանք պահպանել մեր սեփական «Ես»-ը՝ մեծ տերությունների հետ շփումներում:
«Կարողացանք համոզել և՛ ԵՏՄ անդամներին, և՛ ԵՄ անդամ պետություններին, որ Հայաստանի Հանրապետության համար կարևոր են երկուսն էլ՝ և՛ ԵՄ-ն, և՛ ԵՏՄ-ն, և այսօր, ինչպես նկատում եք, մենք անդամակցել ենք երկրորդին, իսկ առաջինի անդամ բոլոր պետությունները միակարծիք են, որ մեր պետության հետ պետք է շարունակել գործընկերային համագործակցությունը: Այս իմաստով՝ կարգին տարի էր:
Եղան նաև այլ ձեռքբերումներ՝ բարձրացվեցին շուրջ 200 000 պետական ծառայողների աշխատավարձերը, ներքաղաքական իրավիճակն ընթացավ բնականոն ընթացքով: Միակ ցավալի և անվերադարձ կորուստը մեր զինվորներն են, որ զոհվեցին Ադրբեջանի ռազմատենչության և սրիկա պահվածքի պատճառով»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցին՝ հաշվի առնելով 2014 թվականի վերջին Հայաստանի տնտեսական ճգնաժամը՝ ինչպիսի՞ն կլինի 2015 թվականը, կարելի՞ է լավատես լինել գալիք տարվա համար, Մ. Եսայանը պատասխանեց, որ եկող տարին կլինի ավելի բարենպաստ և արդյունավետ, հատկապես՝ երկրի տնտեսության համար. «Քանի որ գործելու ենք նոր տնտեսական պայմաններում, նոր բազմաթիվ պայմանագրերի շրջանակում, որոնք խոստանում են լինել արդյունավետ և շահեկան»:
Խոսելով այն մասին, որ 2015 թվականից մենք արդեն ԵՏՄ կազմի մեջ ենք լինելու՝ Մ. Եսայանը նշեց, որ որևէ միության կազմում թե դրանից դուրս, մենք՝ որպես պետություն, ունենք մեր պետական և ազգային շահերը.
«Մենք առաջնորդվել ու առաջնորդվելու ենք այդ շահերով, ցանկացած խնդիր, որը կհակասի այդ շահերին, մեզ համար կլինի մերժելի և անընդունելի»:
ՀՀԿ-ական պատգամավորը Նոր տարվա կապակցության հայ ժողովրդին մաղթում է լավատեսություն և հավատ սեփական երկրի, սեփական պետության և սեփական անձի հանդեպ՝ մեջբերելով աստվածաշնչյան հետևյալ տողերը՝ «մանանեխի հատիկի չափ հավատ՝ և ամեն ինչ շատ լավ կլինի»: