Մի շարք ապրանքատեսակների փոխադրումը ՀՀ տարածքով կարգելվի
Այսուհետ Հայաստանի տարածքով կարգելվի փոխադրել գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշի: Այս, ինչպես նաև մի շարք այլ ապրանքների փոխադրումների արգելման մասին որոշում այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ներկայացնելով որոշումը, հայտարարեց, որ դրանց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք:
ԵՏՄ անդամ դառնալուց հետո ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկի մեջ մտնում են նաև օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, վտանգավոր թափոններ, 2001թ. մայիսի 22-ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների Ա և Բ հավելվածների գործողությունների տակ ընկնող բույսերի պաշտպանության միջոցներ, փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը ԵՏՄ մաքսային տարածք, արտահանումը ԵՏՄ մաքսային տարածքից և տարանցումը ԵՏՄ մաքսային տարածքով արգելված են:
Նաև հաստատվեց սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկը, այդ թվում՝ հանքագիտության և հնեաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, չմշակված թանկարժեք մետաղներ, ջարդոն և թանկարժեք մետաղների թափոններ, թանկարժեք մետաղների հանքաքար և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում: