
Գարիբաշվիլին դեմ է պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին սխալ է համարում պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեին պաշտոնանկ անելու մասին կոչերը՝ կապված Ուկրաինայում 32-ամյա վրացի կամավոր Ալեքսանդր Գրիգոլաշվիլու զոհելու կապակցությամբ գերատեսչության արած հայտարարության հետ:
Վրաստանի ՊՆ-ը դեկտեմբերի 20-ին տարածած իր հայտարարության մեջ Գրիգոլաշվիլու մահվան պատասխանատվությունը դրել էր նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների վրա, որոնք քաղաքացիներին կոչ են անում մասնակցել արտասահմանում ընթացող ռազմական ագործողությունները:
Այդ հայտարարությունը հարուցել էր ոչ միայն ընդդիմության ու հասարակության մի մասի, այլև՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչների վրդովմունքը: Սկանդալից հետո՝ դեկտեմբերի 21-ին, հայտարարությունը հանվել էր ՊՆ-ի կայքից, իսկ պաշտպանության փոխնախարար Լևան Գիրսիաշվիլին հայտարարել է, որ տեղի է ունեցել «տեխնիկական սխալ», և ողջ նախարարության անունից ներողություն էր խնդրել հասարակությունից:
Գարիբաշվիլին բոլորին կոչ է արել վերջ դնել այդ թեմայի շուրջ խոսակցություններին ու հիստերիային: Կառավարության նիստին մասնակցել է նաև Ջանելիձեն, ով հրապարակավ որևէ պարզաբանում չի տվել իր գերատեսչության արած հայտարարության կապակցությամբ: Գարիբաշվիլին նրա հետ քննարկել է տվյալ հարցը:
Ավելի վաղ Գարիբաշվիլին հայտարարել էր, որ իրեն դուր չի եկել ՊՆ-ի հայտարարությունը՝ ընդգծելով, որ գերատեսչությունը չպետք է հանդես գա քաղաքական բնույթի հայտարարություններով: