«Ժողովուրդը պատրաստ է ընդվզման». «Հայաստան» ժողովրդական նախաձեռնություն
Հայաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամի և դրամի արժեզրկման հիմնական պատճառը բանկային համակարգի կախվածությունն է Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ):
Այս կարծիքին են «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության անդամները, ովքեր այսօր լրագրողների հետ հանդիպմանը փորձեցին գնահատել իրավիճակն ու առաջարկել լուծումներ:
Ֆիզ-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը, օրինակ, կարծիք հայտնեց, որ Հայաստանի պետական ինստիտուտներից ֆինանսականը գտնվում է պետական համակարգից դուրս և ղեկավարվելով դրսից` չի կատարում այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տնտեսությունը զարգացնելու համար, որի հետևանքով քայքայվել են Հայաստանի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը ոչնչացվել է գիտությունը:
Այս վիճակի համար նա առաջին հերթին մեղադրում է Հայաստանի բանկային համակարգին: «Ճգնաժամի պատճառը հետևյալն է` մեզ հրամցրել են մի համակարգ, որտեղ ամենակարևոր գործառույթը կատարող տարրերից մեկը դուրս է մեր համակարգից: Դա մեր Կենտրոնական բանկն է, որը լրիվ ղեկավարվում է դրսի ուժերի կողմից: Այսօրվա ճգնաժամը տնտեսագետների քննարկման հարթությունից դուրս է»,- ասաց Ա. Գևորգյանը:
Նախաձեռնության անդամ, ինժեներ Գառնիկ Սարգսյանն էլ իր հերթին ավելացրեց, որ ԱՄՀ-ն աշխարհի գրեթե բոլոր բանկերի սեփականատերն է: Նա վստահ է, որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթը, ըստ որի ԿԲ-ն լիովին անկախ մարմին է, ամրագրվել է ԱՄՀ-ի պարտադրանքով, որպեսզի ԿԲ-ն ենթարկվի միայն ԱՄՀ-ին:
«23 տարի Հայաստանի Հանրապետությունը կատարում է ԱՄՀ-ի թելադրած խորհուրդները, ծրագրերը և 23 տարվա ընթացքում ԱՄՀ-ն և իր շրջանակները միշտ գովասանում են մեր համակարգը, որ կատարյալ կատարում են: Շատ բարի, մենք կուզենք ըլլալ համաշխարհային ընտանիքի անդամ, բայց արդյունքը 23 տարվա ընթացքում` 1500 գործարան փակված է, գիտությունը 23 տոկոսի իջած է, արտագաղթն ահռելի չափանիշներ է ցույց տալիս, կրթությունն ամենավատ վիճակի մեջ է: Ուրեմն արդյունքը 23 տարվա ընթացքում սա է: Որպես սովորական քաղաքացի` հարցնում եմ ԱՄՀ-ին` դուք ծրագրա՞ծ էիք, որ մենք այս օրվան հասնինք: Խնդրեմ մեզի պատասխան տվեք»,- հարցադրեց Գ. Սարգսյանը,ով ճգնաժամային վիճակից դուրս գալու ուղիներից մեկը համարում է Հայաստանի գիտության զարգացմանը զարկ տալը, որի շնորհիվ պետությունը կունենա հսկայական եկամուտներ:
«Ես ավելի քան համոզված եմ, որ դա մեթոդիկ տարվող աշխատանք է և, ցավոք սրտի, դա միայն բանկային համակարգի հետ չի կապված: Մենք այս ճգնաժամը կապում ենք բանկի հետ, որովհետև տնտեսությունը կամայական քայքայելու ամենահզոր գործիքներից մեկը բանկն է, բայց խնդիրն ավելի գլոբալ է. «համաշխարհային կառավարիչ» կոչվածները մեր պետությանը, իշխանավորներին դիտարկում են` որպես գործիքներ»,- ասաց նախաձեռնության անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Կառլեն Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի բանկային համակարգին, նա ընդգծեց, որ ընդհանրապես աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ վարկային տոկոսը գերազանցի 10-ը, իսկ Հայաստանում այն կազմում է14-ից 24 տոկոս. «Ի՞նչ է նշանակում 24 տոկոս: Չկա որևէ արդյունաբերական ձեռնարկություն, որի տարեկան եկամուտը կազմի 24 տոկոս: Որպեսզի կարողանաս որևիցէ գործ նախաձեռնես, պետք է վարկ վերցնես: Վարկը վերցնում ես 24 տոկոսով, քո շահույթը կազմելու է 10-15 տոկոս: Նույնը վերաբերում է շարքային բնակչին: Ակնհայտ է, որ այդ տոկոսները բերում են մեր ժողովրդի քայքայմանը: Մարդիկ վերցնում են բարձր տոկոսով վարկ, հետո ստիպված իրենց գրավ դրած տունը թողնում են այդ բանկերին ու բռնում թափառումների ճանապարհը: Կենտրոնական բանկի թելադրած կանոններով են առաջնորդվում մնացած բոլոր բանկերը, որոնք սեփական են»:
Այսպիսով «Հայաստան» շարժումն այս վիճակից դուրս գալու համար փորձելու է Հայաստանն ազատել «համաշխարհային կառավարիչներից» տիրապետությունից և իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Մասնավորապես «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյան հայտարարեց, որ իրենք գնալու են Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր և ոտքի են հանելու ժողովրդին. ««Հայաստանի ժողովրդական նախաձեռնության» փաստաթղթում գրված է` իշխանությունը վերադարձնել ժողովրդին: 23 տարի ժողովրդից զավթված է իշխանությունը: Ո՞րն է ելքը: Մեկ կուսակցությամբ կամ մի շարք կուսակցությունների համատեղ գործունեությամբ հնարավոր չէ այս խնդիրը լուծել: Գլխավոր գործոնը ժողովուրդն է: Մեր ուսումնասիրություններն ապացուցում են, որ ժողովուրդը պատրաստ է ընդվզման, բայց պետք է առողջ ուժ և առողջ մարդիկ, ովքեր այս 23 տարիներում չեն դավաճանել ժողովրդին, ժողովրդական ընվզումներին: Սա է միակ ճանապարհը: Մենք գնալու ենք յուրաքանչյուր 951 գյուղ: Մենք փորձելու ենք խոսել յուրաքանչյուր ակտիվիստի հետ և բերել բոլոր այն փաստարկները, որ երկիրը տանում են կործանման: Կա´մ պետք է լծվենք և կանգնեցնենք մեզ հայտարարված պատերազմը, կա´մ վերջնականապես կդառնանք գաղութ»:
Ի դեպ, Հայաստանի ինքիշխանության խնդիրը բարձրացրած Գառնիկ Մարգարյանը խորը մտահոգությամբ ավելացրեց, որ իր կարծիքով` Արևմուտքը հրահրել է այս ֆինանսատնտեսական ճգնաժամը Ռուսաստանում, Հայաստանում և հետխորհրդային մի շարք այլ երկրներում, որպեսզի թույլ չտա Եվրասիական տնտեսական միության կայացումը: