Մարգվելաշվիլին ընդունել է Սաակաշվիլու կուսակցության առաջնորդներին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ ընդունել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդներին:
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Դավիթ Բաքրաձեն, Գիգի Ծերեթելին, Զուրաբ Ջափարիձեն, Ակակի Բոբոխիձեն և պատգամավոր չհանդիսացող, ԱԱԽ նախկին քարտուղար Գիգա Բոկերիան:
Հանդիպումից հետո ՄԱՇ-ի առաջնորդները հայտարարել են, որ նախագահի հետ քննարկել են օկուպացված տարածքներում ընթացող գործընթացները, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերը:
Ջափարիձեն հայտարարել է, որ իրենք այդ բոլոր հարցերի շուրջ կազմել են բանաձևի նախագիծ, որը ներկայացրել են խորհրդարանին, և բացի այդ, նախագծում ձևակերպվել են այն գործողությունները, որոնց պետք է ձեռնարկել՝ Ռուսաստանին առավելագույն ձևով հակազդելու համար:
ՄԱՇ-ի առաջնորդները հավանության են արժանացրել նախագահի ընտրած երկխոսության ձևաչափը: Ընդգծվում է, որ ՄԱՇ-ի առաջնորդների հետ հանդիպումից առաջ Մարգվելաշվիլին երեկ ընդունել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներին: Այդ կուսակցությունը վերջերս է դարձել ընդդիմադիր:
Հիշեցնենք, որ սրանից օրեր առաջ Սաակաշվիլին հերքել է, թե Ստրասբուրգում պետք է գաղտնի հանդիպում ունենար Մարգվելաշվիլու հետ: Նրանք Ստրասբուրգում ներկա են գտնվել Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացմանը: