Ջոն Հեֆերնը հրաժեշտի ուղերձով դիմել է հայ ժողովրդին (տեսանյութ)

Ջոն Հեֆերնը հրաժեշտի ուղերձով դիմել է հայ ժողովրդին:

* * *

Բարև ձեզ: Սա իմ վերջին տեսաբլոգն է՝ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան: Ասելու, այնքան շա՜տ բան կա: Չգիտեմ անգամ՝ որտեղից սկսել: Մենք միասին շատ բան ենք արել այս 3-ից մի քիչ ավել տարիների ընթացքում: Ես ու կինս՝ Լիբբին Հայաստան եկանք 2011թ. հոկտեմբերին: Մեր առաքելությունը, դեսպանության առաքելությունը հստակ է. օգնել Հայաստանին կայանալ որպես ժողովրդավարական, բարեկեցիկ, խաղաղ ու անվտանգ երկիր: Այս նպատակին հասնելու համար մեր ուշադրության կենտրոնում են եղել հնարավորությունները, գործընկերությունը և ընդհանուր արժեքները: Նշեմ վերջին տարիների հաջողություններից մի քանիսը. բաց երկնքի հռչակումը, որի արդյունքում 25%-ով ավելացել է Հայաստան օդով ժամանողների թիվը. ծաղկում ապրող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ ազդեցիկ կերպով ներկայացված են ամերիկյան ընկերությունները և արևմտյան ներդրումների ավելացումն այլ ոլորտներում. տեսել ենք որոշ բարելավումներ Հայաստանի գործարար միջավայրում ու հուսով ենք ավելին տեսնել առաջիկա ամիսների, տարիների ընթացքում. տեսել ենք կենսունակ քաղաքացիական հասարակություն, որն առաջ է մղում դրական փոփոխություններ. և, ի վերջո, համագործակցություն գյուղի զարգացման, տուրիզմի ու սննդի վերամշակման ոլորտներում՝ մարզերում աշխատատեղեր ստեղծելու նպատակով: Բացի այդ, Միացյալ Նահանգները կշարունակի ամեն ինչ անել՝ աջակցելու հայ-թուրքական հաշտեցմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը: Հաջողությունն այս երկու հարցերի շուրջ առավել քան կարևորվում է այս ռազմավարական նշանակության տարածաշրջանի համար: Հաջողակ Հայաստանում կլինեն աշխատատեղեր մարդկանց համար. հավասար խաղի կանոններ քաղաքական ու գործարար դաշտերում. քաղաքական դաշտ բազմակարծության, տարաբնույթ շահերի համար ու հանդուրժողականություն այդ բազմազանության հանդեպ. և, ի վերջո, հաջողակ Հայաստանը կունենա ռազմավարական տարբերակներ տարածաշրջանում և միջազգայնորեն: Հայաստանի միջազգային գործընկերներն ու բարեկամները չեն կարող միայնակ անել սա: Մենք կարող ենք օգնել: Բայց այս նպատակներին պետք է հասնեն հայերը՝ միասնական ջանքերով: Դեսպանատունը փորձել է Հայաստանում աշխատել այնպիսի գործընկերների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները և ովքեր փորձում են բարելավել ՀՀ քաղաքացիների կյանքը: Մենք այդպիսի շատ գործընկերներ գտել ենք բոլոր ոլորտներում՝ ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, մասնավոր հատված, նախարարություններ, քաղաքական կուսակցություններ: Գտել ենք այսպիսի գործընկերներ փորձում ենք աշխատել նրանց հետ: Այս հայ գործընկերները, սակայն պետք է նաև միմյանց հետ աշխատեն, որպեսզի համատեղ ջանքերը հաջողությամբ պսակվեն: Եթե նույն կերպ մտածող այս խմբերը միասին աշխատեն ու իրենց ջանքերն ուղղեն գործարար միջավայրի ու կառավարման բարելավմանը, ընտրական գործընթացների կայացմանը, նորարարության, ձեռներեցության, վստահության և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, ուրեմն, վստահ եմ՝ Հայաստանը պայծառ ապագա կունենա: Այստեղ գտնվելու ընթացքում ես ծանոթացել եմ խելացի, նորարար ու ստեղծարար մարդկանց հետ և դա ինձ թույլ է տալիս պնդել, որ Հայաստանի ապագան գիտելիքահենք տնտեսությունն է: Դեսպանատունը հենց սա է փորձել խթանել: Վստահ եմ, որ հաջորդ դեսպանը՝ Ռիկ Միլլսը կշարունակի այս գիծը: Եվ վերջում, շնորհակալ եմ այն ամենի համար ինչ դուք արել եք իմ և տիկնոջս՝ Լիբբիի համար Հայաստանում գտնվելու ընթացքում: Շնորհակալ եմ բոլոր մարզերում, գյուղերում, քաղաքներում ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Եվ ամենաշատը շնորհակալ եմ ձեզ այն ամենի համար ինչ անում եք ի շահ Հայաստանի բարօրության և հայ-ամերիկյան կապերի խորացման: Լավագույն մաղթանքներս, և հուսով եմ, որ շուտով իմ բոլոր հայ բարեկամների հետ կրկին կտեսնվենք: Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Նոր Տարի:

 

Տեսանյութեր

Լրահոս