Հայաստանյան 22 բանկերից 17-ը աշխատել են շահույթով
2014 թվականի ինն ամիսներին բանկային համակարգի զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո)` հաշվարկված ըստ վերահսկողական հաշվետվությունների, կազմել է 24.8 մլրդ դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA)` 1.1%, շահութաբերությունն ըստ կապիտալի (RoE)` 7.1%: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի բանբերը։
Տարեսկզբից շահույթով են աշխատել 17, իսկ վնասով` 5 բանկ: Հունվար-սեպտեմբերին բանկային համակարգի զուտ շահույթը` հաշվարկված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն, կազմել է 28.2 մլրդ դրամ: Շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների (RoA) և շահութաբերությունը (տարեկանացված) ըստ կապիտալի (RoE) կազմել են համապատասխանաբար 1.3% և 7.6%:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների` 2014 թվականի առաջին ինն ամիսներին բանկային համակարգի համախառն եկամուտները և համախառն ծախսերը կազմել են համապատասխանաբար 433.3 մլրդ և 400.8 մլրդ դրամ:
Տոկոսային եկամուտների գերակշիռ մասը` 84.7%-ը, բաժին է ընկել տնտեսությանը տրամադրված վարկերից ստացված եկամուտներին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ են ունեցել ստացված միջնորդավճարներից եկամուտները և արտարժույթի առք ու վաճառքից զուտ եկամուտները` համապատասխանաբար 47.0% և 18.2%:
Տոկոսային ծախսերի կազմում շարունակել են մեծ տեսակարար կշիռ ունենալ ժամկետային ավանդների գծով տոկոսային ծախսերը և առևտրային բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների գծով տոկոսային ծախսերը` համապատասխանաբար 58.9% և 17.6%:
Ոչ տոկոսային ծախսերում զգալի տեսակարար կշիռը` 49.6%-ը, բաժին է ընկել աշխատակիցների աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարներին:
Բանկային համակարգի ընդհանուր զուտ մասհանումների մեծությունը 2014 թվականի ինն ամիսներին կազմել է միջին տարեկան ակտիվների 1.2%-ը: