Սերժ Սարգսյանի ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Անվտանգության մարմինների զարգացման նորագույն պատմության մեջ, անգամ հասարակական հարաբերությունների արմատական վերափոխումների պայմաններում, մեր պետականության հիմքերի ամրապնդման, երկրի խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովման գործում դուք մշտապես աչքի եք ընկել պատասխանատվության բարձր զգացումով, եղել և մնում եք պետական մտածելակերպի ու հայրենիքին անսահման նվիրվածության գաղափարի կրողներ:

Այսօր էլ ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման խնդիրը դրված է աննախադեպ սրությամբ: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման, աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների բռնկման, տնտեսական վայրիվերումների, հետախուզական-քայքայիչ գործունեության միջոցների անընդհատ կատարելագործման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների խորացման պայմաններում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, դուք կարողանում եք պատվով կատարել ձեր պարտքը՝ պատշաճ մակարդակի վրա պահելով մեր պետության և հասարակության անվտանգությունը:

Դա վստահություն է ներշնչում, որ առկա բարդ պայմաններում դուք նույն ոգով կշարունակեք լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի, պետական սահմանի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմիններին վերապահված այլ խնդիրները՝ մշտապես կատարելագործելով այդ ուղղություններով տարվող աշխատանքները:

Դա կլինի մեր ժողովրդի խաղաղ առօրյային ու անվտանգությանը նետված մարտահրավերներին համարժեք արձագանքի հիմնական գրավականը:

Անշուշտ, դրան զուգահեռ պետությունը կշարունակի ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական հագեցմանը, աշխատակիցների սոցիալական ապահովմանն ուղղված քայլերը:

Կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն, հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի փառս մեր հայրենիքի և ի նպաստ նրա անվտանգության:

Տեսանյութեր

Լրահոս