Ազատամարտիկները խոստացել են մարտ ամսին իշխանափոխություն անել

Հարցազրույց նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ

– Մեկ շաբաթ առաջ «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամները և կազմակերպությանը չանդամակցող ազատամարտիկները հավաք արեցին Եռաբլուրում և որոշ պահանջներ ներկայացրեցին իշխանություններին: Նրանք նաև հայտարարեցին իրենց ֆիզիկական անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու և իշխանափոխություն իրականացնելու մտադրության մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում ազատամարտիկների կողմից իշխանափոխություն իրականացնելու հնարավորությանը:

– Իհարկե, ազատամարտիկներն ավելի մեծ հասարակական և քաղաքական ազդեցություն կունենան, եթե նրանք իրար հետ լինեն, համախմբված լինեն, և այդ իմաստով ողջունելի է, որ նրանք կարողանում են հավաքվել և միասնական պահանջներ ներկայացնել: Այդ ուղղությամբ էր գնում եղբայրս` Վազգեն Սարգսյանը, այդ ուղղությունը ճիշտ եմ համարում ես: ԵԿՄ համագումարներում իմ ունեցած ելույթներում, ազատամարտիկների տարբեր միություններում, որտեղ ունեմ շատ ընկերներ, նույնն եմ ասել, որ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը հաշվի են նստելու իրենց հետ, եթե իրենք համախմբված լինեն, այլապես փորձելու են օգտագործել իրենց՝ ընթացիկ քաղաքական նպատակների համար: Ավելին` համոզված եմ, որ եթե ազատամարտիկները միասնական լինեին, այսօրվա իշխանությունները չէին կարող իրենց պահել այնպես, ինչպես պահում են:

Մինչդեռ ազատամարտիկների անմիաբան լինելն է պատճառը, որ նրանց մի մասին իշխանությունները տարել են իրենց տակ, իսկ մյուսների նկատմամբ փորձում են ուժ կիրառել: Այդ իմաստով ես ազատամարտիկների խնդիրների լուծումը տեսնում եմ նրանց միասնության մեջ. որքան նրանք միասնական լինեն, այնքան պաշտպանված կլինեն, այնքան նրանց ազդեցությունը կմեծանա: Ես հասկանում եմ, որ ազատամարտիկների մեծամասնությունը վառ անհատականություն է, և նրանցից շատերն առկա խնդիրները և դրանց լուծումը տարբեր կերպ են պատկերացնում, ինչի պատճառով ազատամարտիկներին միավորող կազմակերպությունները բաժանվում են, ու ստեղծվում են նորերը:

Բայց եթե բոլոր ազատամարտիկները կամ նրանց միությունները հանդես գան միասնական, միևնույն է, նրանք չեն կարող իշխանափոխության կամ նոր իշխանության ձևավորման հարց լուծել: Ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպություններն իրենց առաջ այլ խնդիրներ ունեն դրած և պետք է զբաղվեն բացառապես այդ խնդիրների լուծմամբ: Ազատամարտիկների միջոցով իշխանափոխության հարց լուծելու տարբերակը ես անիրական եմ համարում: Հասարակական տարբեր շերտերի մոտ ազատամարտիկ հասկացությունը տարբեր ընկալումներ ունի, այնպես, որ ազատամարտիկների շուրջ հնարավոր չի լինի հասարակական համախմբում ապահովել: Ընդհակառակը՝ ազատամարտիկներն իրենք կարող են լինել հասարակական լայն համախմբման մի մասնիկը և իրենց ներդրումն ունենալ ընդհանուր գործում:

– Ազատամարտիկները մի քանի անգամ փորձեցին ինքնուրույն լուծել իշխանության հարցը, հիմա նրանք կարծես փորձում են օգտագործել կուսակցություններին՝ իշխանափոխության համար, անընդհատ նրանց մղելով ավելի արմատական քայլերի: Չե՞ք կարծում, որ կուսակցություններն են իրականում օգտագործում ազատամարտիկներին, և նրանց Եռաբլուրի հավաքը հենց կուսակցություններից հուսահատվելու արդյունք էր:

– Ազատամարտիկների շրջանում կան մարդիկ, ովքեր համարում են, որ համակարգային փոփոխությունների կարելի է հասնել միայն իշխանափոխության ճանապարհով, և ես համակարծիք եմ նրանց հետ: 1999-ից ես կողմնակիցն եմ եղել համակարգային փոփոխությունների և մինչև 2011թ. մասնակցել եմ ցանկացած քաղաքական գործընթացի, որի նպատակը եղել է օր առաջ այս իշխանություններից ազատվելը: Իհարկե, ազատամարտիկները միամիտ չեն և հասկանում են, որ ինքնուրույն, միայն իրենց ուժերով քաղաքական փոփոխությունների հնարավոր չէ հասնել, կամ գրեթե անհնար է, դրա համար փորձում են համագործակցել քաղաքական դաշտի տարբեր կուսակցությունների հետ:

Այդ քաղաքական կուսակցությունները, որքան ես հասկացել եմ ազատամարտիկների դաշինքի անդամների հետ զրույցներից, իրենց խոստացել են, որ 2015թ. մարտ ամսին գնալու են արմատական փոփոխությունների իրականացման ճանապարհով, և խոստացել են իշխանափոխություն իրականացնել:

Ելնելով նրանից, որ իմ ազատամարտիկ ընկերները հավատում են իրենց տրված խոստումներին, ես խոստանում եմ` մինչև նշված ժամկետը ձեռնպահ եմ մնալու որևէ քննադատություն հնչեցնելուց` եղբորս և իմ ընկեր ազատամարտիկների հետ համաքայլ գնացող կուսակցությունների մասին: Ես իմ տեսակետն այս ամենի մասին ասել եմ և այլևս որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտությունը չեմ տեսնում:

Բայց դրանից հետո ես ազատ եմ լինելու իմ տեսակետն ասել ինչպես` վերը նշված կուսակցությունների գործունեության, այնպես էլ՝ այդ կուսակցությունների հետ ճանապարհ գնացող ազատամարտիկների մասով: Որովհետև, եթե այդ կուսակցություններն իրենց համոզել են, բայց իրենք հետո խաբվելու են, դա իրենց խնդիրն է, բայց իրենք այժմ զբաղված են հասարակությանը համոզելով, որ ուր որ է՝ փոփոխություն է լինելու, ամենաշատը մնացել է երեք ամիս սպասելու: Իսկ մենք հասարակությանը հերթական անգամ հույս տալու և հուսախաբ անելու շռայլությունը թույլ տալու իրավունք չունենք, քանի որ ամեն մի նման հուսախաբությունը մեր երկրի վրա շատ թանկ է նստում:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հայտարարություններին, որ ազատամարտիկներն ինքնուրույն պետք է զբաղվեն իրենց անվտանգության ապահովմամբ, մի մասը տեռորի պատրաստակամություն է հայտնում, մյուսները՝ վրեժխնդրության: Ի՞նչ եք կարծում, ազատամարտիկների կողմից ուժի ցուցադրությունն ինչի՞ կհանգեցնի:

– Եթե ազատամարտիկների կամ ընդհանրապես հասարակական գիտակցության մեջ արմատանում է ինքնապաշտպանության կամ ինքնադատաստանի գիտակցությունը, դա նշանակում է, որ պետական համապատասխան կառույցները կամ գոյություն չունեն, կամ չեն գործում: Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, նրանք դեռ պատերազմի ժամանակ են ցույց տվել, որ իրենք ճակատ-ճակատի կռիվ տվողներ են և ոչ թե` տեռորիստներ կամ վրիժառուներ: Ես միանշանակ դեմ եմ թե՛ տեռորին և թե՛ վրիժառությանը, քանի որ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, որովհետև մենք դրանով ոչ թե կօգնենք մեր պետականությանը, այլ կոչնչացնենք պետականության այն չնչին փշրանքները, որոնք դեռ կան:

– Նրանք ասում են, որ պետությունն իրենց չի պաշտպանում, և իրենք պետք է իրենց պաշտպանեն. մի՞թե անպաշտպան մնալն ավելի լավ է, քան ինքնապաշտպանությունը:

– Երբ երկրում կան խնդիրներ, և իշխանությունը չի կարողանում կամ չի ցանկանում պաշտպանել իր քաղաքացիներին, նման պետության մեջ պետք է տեղի ունենա իշխանության փոփոխություն, և ձևավորվի մի իշխանություն, որը պատասխանատու կլինի իր քաղաքացիների անվտանգության համար: Ինքնապաշտպանության կազմակերպման տարբերակը չափազանց վատ տարբերակ է. եթե ազատամարտիկները կարողանան իրենց պաշտպանել, հաջորդ քայլը լինելու է մյուս անպաշտպաններին ճնշելը: Որովհետև, եթե նրանք իրենց ուժն օգտագործեն իրենց պաշտպանելու համար և հաջողության հասնեն, այլևս չեն կարողանալու հրաժարվել այդ ուժի կիրառումից կամ այդ ուժն անձնական նպատակներով օգտագործելու գայթակղությունից: Միայն քաղաքական և իրավական լուծումների միջոցով է հնարավոր լուծել երկրում կուտակված հարցերը, և ազատամարտիկները բացառություն չեն կարող լինել:

Տեսանյութեր

Լրահոս