«Հայաստանը պետք է անի այնպես, ինչպես Ռուսաստանը». Կ. ԱՃեմյանը՝ ՌԴ նախագահի ասուլիսի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը միշտ շատ մեծ հաճույքով է լսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսները, որովհետև ըստ նրա՝ ՌԴ նախագահի «մեսիջները» շատ հստակ են, «կայացած, խարիզմատիկ քաղաքական գործչի ասուլիս է, որը հասկանում է իրավիճակը»:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով ՌԴ նախագահի երեկվա ծավալուն ասուլիսի մասին՝ Կ.Աճեմյանը նշեց, որ նաև արևմտյան գործիչները բավականին նյութ քաղեցին իրենց համար այդ ասուլիսից.
«Ես շատ զարմացա այն պրիմիտիվ մեկնաբանություններից, որ եղան մամուլում՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Եթե մենք դաշնակից ենք, ու մեր դաշնակիցը այն երկրի հետ, որի հետ մենք չունենք հարաբերություններ, պետք է չառնչվի կամ չշփվի կամ հարաբերություն չկառուցի, կարծում եմ՝ շատ պրիմիտիվ մոտեցում է: Եթե մենք կարողանանք այնպես անել, որ հետագայում ռուս-թուրքական հարաբերություններում նաև կարողանանք մեր շահը պաշտպանել և այնպես անել, որ դա օգնի մեզ, կարծում եմ, որ դա շատ բարենպաստ ելք կունենա մեզ համար»:
Անդրադառնալով ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի՝ Հայաստանում ունեցած ռազմաբազայի մասին չխոսելուն՝ Կ. Աճեմյանն ասաց.
«Ես կարծում եմ՝ ինքը ոչ թե մոռացավ, ոչ թե չուզեց ասել, այլ պարզապես այդ պահին երևի չկարևորեց դա, իսկ ընդհանուր առմամբ՝ չեմ կարծում, որ դա նշանակում է, որ մեր հանդեպ վերաբերմունք է փոխվել, կամ մենք դաշնակիցներ չենք»:
Կ.Աճեմյանը կարծում է՝ Հայաստանը պետք է անի այնպես, ինչպես Ռուսաստանը. «Ամբողջ ասուլիսի ընթացքում ենթատեքստով, պարզ տեքստով ասվեց, որ այս ամենի նպատակն ընդամենն այն է, որ Ռուսաստանի սուվերենությունը, ինքնուրույնությունը չխախտվի, այսինքն՝ Պուտինը հստակ ասաց, որ թույլ չի տալու, որպեսզի Ռուսաստանի դիրքերը խարխլվեն»: