«Կոչ եմ անում, որ բնակչությունը խուճապի չմատնվի և փորձի իր մեջ եղած ուժով պայքարել այս ժամանակավոր դժվարությունների դեմ». Խաչատուր Գասպարյան

«Մենք ապրում ենք մի այնպիսի յուրահատուկ ֆենոմենի ազդեցության տակ, որ ունենք առողջ խաբկանքներ: Խաբկանքներից մեկն էլ այն է, որ աշխարհը վստահելի տեղ է, ամեն ինչ որոշակի ստաբիլության մեջ է, և հանկարծ, երբ խաթարվում է ներքին այդ վստահությունը, երբեմն դա առաջացնում է նաև լրացուցիչ պոռթկումներ, խուճապային համակվածություն: Նույնը պատահեց նաև այս վերջին օրերի ընթացքում, երբ մենք հանկարծ խաբկանքից ընկանք իրականություն՝ հասկանալով, որ տնտեսական առումով մենք այնքան էլ պաշտպանված չենք, որ մեր սոցիալական կյանքը կարող է խաթարվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ անդրադառնալով վերջին օրերի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հոգեբանական հետևանքներին:

Նրա խոսքով՝ մարդու հոգեկան վիճակը համարվում է օպտիմալ, եթե նրա հիմնական պահանջները բավարարված են, և կա նաև վստահություն, որ առաջիկայում դա կարելի է բավարարել: Ըստ նրա՝ այս պարագայում երկրորդ կետը միանգամից վտանգվում է, այսինքն՝ մենք վստահ չենք, որ հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս կկարողանանք բավարարել մեր հոգեկան առողջության հետ կապված բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաև կենսաբանական կամ բիոլոգիական պահանջմունքները:

Հոգեբանը նշեց, որ կան բաներ, որոնք մեր ձեռքին չեն, իսկ ինչը մեզնից կախված չէ, ավելի լավ է՝ դրա մեջ շատ չխորանալ, չանհանգստանալ. «Դա նույնն է, որ մենք տխրենք ձմռանը ձյուն գալու պատճառով: Կան համաշխարհային գործընթացներ, որոնց մեջ մենք անմասն չենք կարող մնալ: Բայց պետք է նշեմ նաև, որ մենք դժվարին իրավիճակներում կարողանում ենք հավաքվել, և դրանից ելնելով էլ՝ կոչ եմ անում, որ բնակչությունը խուճապի չմատնվի և փորձի իր մեջ եղած ուժով պայքարել այս ժամանակավոր դժվարությունների դեմ»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս