Քուրդ քաղաքական գործիչ Ահմեթ Թուրքը ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Մարդինի քուրդ համաքաղաքապետ Ահմեթ Թուրքը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպված սեմինարի ժամանակ ներողություն է խնդրել հայերից, եզդիներից ու ասորիներից: Ահմեթ Թուրքն ափսոսանք է հայտնել, որ քրդական մի շարք ցեղեր մասնակցել են 1915 թվականի ցեղասպանությանը:

Նրա խոսքերով՝ քուրդ ժողովրդին օգտագործել են իսլամի անվան տակ. «Հայերը, ասորիներն ու եզդիները Քուրդիստանի իրական տերերն են: Որքան որ Քուրդիստանը քրդերինն է, այնքան էլ նրանցն է: 1911 թվականին «Միություն ու առաջադիմություն» (İttihat ve Terakki Partisi) կուսակցության կողմից ընդունված որոշումները պետությունը սկսել է կյանքի կոչել 1914-1915 թվականներին, որոնց իրագործման ժամանակ իսլամի անվան տակ դժբախտաբար բաց ձևով օգտագործել են քուրդ ժողովրդին»:

Ահմեթ Թուրքը հավելել է, որ 30 տարի ընթացող քրդական ազատագրական պայքարը ոչ միայն քրդերի, այլև՝ Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների ազատության պայքարն է: Սեմինարին մասնակցել է նաև թուրք հանրահայտ հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն, ով հայտարարել է, որ ցեղասպանությունն անմոռանալի մի էջ է՝ ընդգծելով, որ 1914 թվականին Թուրքիայում (Օսմանյան կայսրություն) պետական մակարդակով որոշում է ընդունվել ջիհադ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ կարծիքներ կան, որ Ահմեթ Թուրքի պապը եղել է հայ, ով 1925 թվականին փոխել է անունն ու ազգանունը` հալածանքներից խուսափելու համար: Ի դեպ, դեռևս 2010 թվականի դեկտեմբերին Դիարբեքիրի Առևտրի ու արդյունաբերության պալատի նախագահ Գալիփ Էնսարիօղլուն, հանդես գալով Ստամբուլում կազմակերպված «Քրդական սեմինարում», անդրադարձ էր կատարել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված գազանություններին.

«Ընդհանուրի մեջ մենք էլ «մի քիչ» մեղքի մեր բաժինն ունենք: Մենք` քրդերս, իթթիհատականների ազգային պետության ստեղծման ժամանակ գլուխներս կորցրինք և հայերի ու ոչ մուսուլմանների հանդեպ իրականացված բռնությունների ժամանակ ոչ միայն դիտորդի դերում չմնացինք, այլեւ գործիք դարձանք իթթիհատականների ձեռքում: Այն ժամանակ այս հողերում բնակվողների 25 տոկոսը ոչ մուսուլմաններ էին: Հայերը մեր ձեռքով մորթվեցին»:

Իսկ ահա 2013 թվականի գարնանը Ռագըփ Զարաքօլուի Belge հրատարակչատանը տպագրված քուրդ Գյուլչիչեք Գյունել Թեքինի «Ինձ առանց մաքրելու հուղարկավորեք» խորագրով գրքում ներկայացված են Հայոց ցեղասպանությանն ականատես 126 քրդերի վկայությունները:

600 էջից բաղկացած գրքում նշված էր, որ Հայոց ցեղասպանության ժամանակ քրդաբնակ շրջաններ ուղարկված իմամները հայտարարում էին, որ 7 հայ սպանելու դեպքում կփակվեն դժոխքի 7 դռները, իսկ 8-րդ հային սպանելու դեպքում կբացվի դրախտի դուռը:

Տեսանյութեր

Լրահոս