«Ամենասխալ բանը խուճապի մատնվելն է». Արտեմ Սարգսյան
«Ամենասխալ բանը խուճապի մատնվելն է և, կարծում եմ, որ այս պայմաններում պետք է հանգիստ իրականացվեն անհրաժեշտ քայլեր, և իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները: Վարչապետը համապատասխան հայտարարություն է արել, քննարկումները շարունակվում են, և ամեն ինչ պետք է վերականգնվի, այնպիսի իրավիճակ լինի, որ մեր քաղաքացիները հնարավորինս չտուժեն»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս քաղաքացիները խուճապի չմատնվեն, երբ շաքարավազի կիլոգրամը որոշ խանութներում արդեն 900-1000 դրամ է հասել, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, բոլոր պատկան մարմինները պետք է իրենց գործառույթներն իրականացնեն, որպեսզի թույլ չտրվի տարբեր տեսակի, ոչ ճիշտ քայլեր տնտեսվարողների կողմից, նաև անիմաստ ձեռքբերումներ, որ միգուցե այս պահին պահանջարկված չեն, բայց որ կվնասի իրավիճակին քան կօգնի»:
Նախարարը «սխալ պատկերացում» անվանեց, որ կառավարությունը չի վերահսկում իրավիճակը. «Կառավարությունն իր քայլերը ոչ թե պետք է անընդհատ մեկնաբանի, այլ պետք է այդ կատարված քայլերի արդյունքում խնդիրները լուծումներ ունենան: Ժամանակին կներկայացվեն այդ քայլեը»: Արդյոք մինչև դեկտեմբերի վերջն իրավիճակը կկարգավորվի՞, Ասատրյանը պատասխանեց, որ այս պահին էլ այդ ուղղությամբ առարկայական քայլեր են կատարվում: