Բաժիններ՝

Վախթանգ Միրումյան. «Այո, ՀՀ-ն հիմա հայտնվել է ոչ ցանկալի արտաքին տնտեսական զարգացումների շրջանում»

«Խուճապն է հանգեցում այս ամենին: Նման իրավիճակում, ես կարծում եմ, ամենաճիշտը հավասարակշռված, հանգիստ մոտեցում ցուցաբերելն է, խուճապի չմատնվելն է, որովհետև եթե, իհարկե, օբյեկտիվ պատճառներից կախված մենք ունենում ենք ազգային արժույթի անկում, խուճապի դեպքում այն կրկնապատկում, բազմաապատկում է այդ բացասական երևույթն ու նպաստում, որ այն զարգանա: Բայց ես, իհարկե, հույս ունեմ, որ մեր տնտեսվարող սուբյեկտները խուճապի չեն մատնվի և յուչաքանչյուրն իր հնարավորություններով հանդերձ և վարքագծով կնպաստի, որ մենք փորձենք այս ստեղծված իրավիճակից հնարավորինս դուրս գալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Ըստ նրա՝ իրավիճակը կառավարության վերահսկողությունից դուրս չէ, ապրանքների գների թանկացումների հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գործողություններ է իրականցնում, և բոլոր դեպքերում, եթե կլինեն գների չհիմնավորված բարձրացումներ, համապատասխան պատասխանտվության միջոցներ կկիրառվեն:

168.am-ի դիտարկմանը, որ ՌԴ-ում իրավիճակն ավելի վատ է և դա է ՀՀ-ում այսպիսի խոր ճգնաժամ առաջացրել, Վ.Միրումյանը պատասխանեց, որ լրատվամիջոցներով հետևում է ՌԴ-ում իրավիճակին, այնտեղ էլ ազգային արժույթը մեծ տեմպերով արժեզրկվում է, ինչը ազդեցություն չի կարող չունենալ ՀՀ տնտեսության վրա: Սակայն, ըստ նրա՝ ոչ թե միայն Ռուսաստանի ազդեցությունն է, այլ տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը: Նա համաձայնեց, որ գլխավոր դերում Ռուսաստանն է.

«Մի քանի հանգամանքներ կան՝ ամբողջ աշխարհում տեղի է ունենում դոլարի արժևորում, ոչ միայն ՌԴ հանգամանքով, դրան հավելած տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, որը չի կարող մեր տնտեսության վրա ազդեցություն չունենալ»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե այս պայմաններում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունն ի՞նչ հետևանքներ կունենա, Վ.Միրումյանը պատասխանեց. «Մենք դեռևս ԵՏՄ անդամ չենք: Դուք ասում եք՝ արժի՞ այս վիճակում այսպես շտապել, բայց տեսեք, անկախ նրանից մենք կմտնենք ԵՏՄ, թե ոչ, այս պահին արդեն իրավիճակն այն է, որ ազդում է մեր վրա: Ասենք՝ լավ, ենթադրենք, տեսականորեն ընդունենք, այսօր ԵՏՄ անդամ չենք, ենթադրենք, վաղը անդամ չենք: Միևնույնն է, այս զարգացումները կամա թե ակամա ազդելու են մեր վրա»:

Մեր դիտարկմանը, որ խորտակվող խոշոր նավի հետ ավելի արագ կխորտակվենք, Միրումյանը հակադարձեց. «Դուք, իհարկե, շատ ավելի ծայրահեղական և խիստ գծերով եք դա ներկայացնում, բայց ես կցանկանայի Ձեզ առաջարկել մտածել այն իրավիճակի մասին, որը ես ներկայացրի. Լավ, տեսականորեն ընդունենք, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ չէ և ՌԴ տնտեսական իրավիճակն այսպիսին է: Արդյոք չանդամակցելը կնշանակի՞, որ մենք ավելի բարենպաստ վիճակում կլինենք: Կարծում եմ՝ ոչ»:

Արդյոք ստացվում է, որ ՀՀ-ն փակուղում է հայտնվե՞լ՝ հարցին, Վ.Միրումյանը պատասխանեց, թե փակուղին մի քիչ բարդ ու կոշտ բնորոշում է, բայց, այո, ՀՀ-ն հիմա հայտնվել է ոչ ցանկալի արտաքին տնտեսական զարգացումների շրջանում և, իհարկե, պետք է փորձի օգտագործել բոլոր հնարավորությունները, որ դրանից դուրս գա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս