Պահանջում են պատժել Լևոն Երանոսյանին. Նա ունի զորք և կարող է իր սպառնալիքը զենքով իրականացնել (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում քաղաքական չորս ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի հրավիրած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նստաշրջանը բոյկոտել են, որովետև, ցավոք, քաղաքական մեծամասնությունը չհամաձայնեց իրենց հրավիրած արտահերթ նիստին, որի հիմնական հարցը բռնությունների հետ կապված հայտարարություն ընդունելն էր:
«Մենք գտնում ենք, որ պետք է պատժվի փոխոստիկանապետը, որ բավականին կոպիտ հայտարարությամբ էր հանդես եկել: Օրենսդիր մարմինը պետք անդրադառնար սրան, բայց, ցավոք, քաղաքական մեծասմանությունը չանդրադարձավ»,- ասաց Ռ.Հակոբյանը՝ հավելելով, որ արտահերթ նիստի իրենց նախաձեռնությունը դեռ ուժի մեջ է, վաղը ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կհրավիրեն նիստ՝ նկատի ունենալով նաև դրամի արժեզրկումը: Ըստ նրա՝ Լևոն Երանոսյանն ունենալով զորք, կարող է իր այդ սպառնալիքը զենքով իրականացնել:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ բեսպրեդելի մասին հայտարարություն են անում, թե այս ամենը ձեռնտու չէ իշխանությանը և ուզում են երրորդ, չորրորդ հետքեր փնտրել: Սակայն, ըստ նրա, ոչ ոք չէր խանգարում քաղաքական մեծամասնությանը մասնակցել և ոչ թե տապալել նիստը:
Նրա խոսքով՝ փաստեր, հիմնավորումներ ունեցող քաղաքական ուժը, մերկապարանոց հայտարարություններ անելու փոխարեն, առաջին շահագրգիռ կողմը պետք է լիներ, որ հրավիրեր արտահերթ նիստ ու ասելիքը ասեր բաց, հրապարակային:
Ն.Զոհրաբյանն ընթերցեց չորս ուժերի հայտարարության տեքստը, որում, մասնավորապես, խստորեն դատապարտվում է փոխոստկանապետի հայտարարությունը «ականջ ձգելու» վերաբերյալ, որը հարիր չէ նրա կարգավիճակին, ԱԺ-ն դատապարտում և իրավապահ մարմիններից պահանջում է ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորիներին սեղմ ժամկետում ի հայտ բերելու և պատասխանատվության ենթարկելու: Նաև բռնության կոչերի համար փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին անհապաղ պաշտոնանկ անել և կիրառել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ կանխելու նման դեպքերը:
Ն.Զոհրաբյանը նաև նշեց, որ ՀՅԴ հետ քննարկել են ՀՅԴ կողմից արտահերթ նիստ հրավիրելու հարցը, բայց համատեղ հայտարարության ՀՅԴ առաջարկած տեքստն իրենց համար ընդունելի չէ:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն առանձնացրեց Արամ Մանուկյանի և իրավապահների ոչ ադեկվատ արձագանքը դեպքերին: Նա նշեց, որ տոմոգրաֆիկ հետազոտության արդյունքում հաստատվել է ուղեղի ցնցում ախտորոշումը, նայել է տեսաերիզը և պարզ է, որ այդ անձը չէր կարող գործել միայնակ, Արամ Մանուկյանին հետևել են, քանի որ հենց Մանուկյանի շենք մուտք գործելուց առաջ է այդ անձը ներս գնացել:
Ըստ Ջհանգիրյանի՝ առողջությանը թեթև վնասվածք հասցնելը շատ մեղմ հոդված է, այդ անձի նկատմամբ պետք է համապատասխան խափանման միջոց կիրառվեր, քանի որ ուղեղի ցնցում հասցնելն առնվազն միջին ծանրության հանցանք է, պատժվում է Քրեական օրենսգրքի 113 հոդվածով, իսկ այդ անձին երկու օր հետո բաց թողնելը նշանակում է, որ հանցագործն ուղղակի հովանավորվում է: Գ.Ջհանգիրյանը նշեց, որ ԱԺ-ն արդեն ուշացել է այս դեպքերին արձագանքելը, կամ թերացել է իր պարտականությունների մեջ: Նա հույս հայտնեց, որ բարիերը կհաղթահարվի և ԱԺ միասնական հայտարարություն կլինի: