«Դա իմ տեսակը չէ». Գևորգ Կոստանյան

Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների դեմ, ինչպես նաև վերացրել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով կարճվել էր քրեական գործը: Շրջանառվող տեսակետների հակաձայն՝ դրանք պայմանավորված են այս գերատեսչությունների և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հակասություններով: Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք կա՞ն նման հակասություններ և ինչո՞վ են պայմանավորված:

Գևորգ Կոստանյանն ասաց, որ ամեն անգամ իր զարմանքն ու մտահոգությունն է հայտնում մի հանգամանքի վերաբերյալ. «Դա կլինի քննիչ, կլինի ցանկացած այլ պաշտոնյա, դա կլինի ոչ պաշտոնյա, սովորական քաղաքացի… եթե նրանց գործողություններում տեսնում ենք այնպիսի առերևույթ հատկանիշներ, որոնք կարող են խոսել հանցագործության փաստի մասին, հարուցվում է քրեական գործ: Եվ այդ քրեական գործերը չեն հարուցվում հասցեական: Քրեական գործերը հարուցվում են փաստերի կապակցությամբ, և այն հանգամանքը, որ հարուցվում է քրեական գործ քնիչի գործողությունների մասով… ամեն անգամ չէ, որ մենք պիտի բացատրենք, թե ինչու այս քննիչի, կամ ինչու քննիչի գործողությունների մասով հարուցվեց, այլ սուբյեկտների մասով չհարուցվեց: Մանավանդ որ ես չեմ կարծում, թե որևէ խտրականության կամ հատուկ մոտեցման հիմքեր տվել ենք մեր գործողություններում: Ինչո՞ւ: Որովհետև մենք իրականացնում ենք մեր գործառույթը: Այսինքն՝ տեսանք առերևույթ հիմքեր քրեական գործեր հարուցելու՝ կլինի դա քննիչ, կլինի դատախազ, կլինի ցանկացած այլ սուբյեկտ, մենք հարուցում ենք քրեական գործ՝ ընդ որում՝ անկախ նրանից, թե ինչպես դա կմեկնաբանվի»:

Գևորգ Կոստանյանն ասաց նաև, որ իր համար միշտ անընդունելի է եղել, որ պետական մարմնի կողմից իրենց գործառույթի իրականացումն անպայման մեկնաբանվում կան փորձում է մեկնաբանվել «անձնական շարժառիթների լույսի ներքո». «Ես նման մոտեցում չեմ ունեցել երբեք, և չեմ էլ ունենալու մի քանի պատճառներով: Ասել եմ: Առաջին՝ ես մարդու ճակատագրի նկատմամբ բավականաչափ և առավելագույն հարգանքով եմ վերաբերվում, որպեսզի ինձ թույլ տամ նման շքեղություն կամ ապօրինություն՝ մարդու ճակատագիրը լուծել այս կամ այն անձի հետ հիպոթետիկ, ենթադրյալ հակասություն ունենալու կամ չունենալու հետ կապված: Երկրորդը՝ անձնական որևէ խնդիրներ որևէ մեկի հետ ես չունեմ և չեմ էլ ունեցել: Եվ ամենակարևորը՝ անձնական խնդիրներով պայմանավորված, ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է իրականացնել իր պաշտոնական լիազորությունները»:

«Դա իմ տեսակը չէ, որ ես անձնական որևէ հարթություն պետական և պաշտոնական հարթության հետ շփոթեմ կամ խառնեմ»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս